«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները կանխել են ահաբեկչական հարձակումը Քաբուլի օդանավակայանում՝ ամերիկյան զորքերի տարհանման ավարտից մի քանի ժամ առաջ: Այս մասին հայտնում է NBC-ն:
Պարբերականի տվյալներով՝ թալիբները կանգնեցրել են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան մեկնող ավտոբուսը, որի մեջ երկու մահապարտ են եղել և պայթուցիկ սարք: Թալիբ զինյալները բոլոր ուղևորներից պահանջել են դուրս գալ ավտոբուսից և մանրակրկիտ ստուգումից հետո միայն նրանց թույլատրվել է վերադառնալ իրենց տեղերն ու շարունակել ճանապարհը:
ԱՄՆ կոնգրեսականներից մեկի օգնականը նշել է, որ թալիբները կարևոր դեր են խաղացել օդանավակայանի անվտանգության ապահովման գործում: «Ավտոբուսը կանգնեցնելով՝ հաջողվել է կասեցնել նոր ահաբեկչությունն օդանավակայանում, ինչը, հնարավոր է, կհանգեցներ նոր զոհերի, այդ թվում՝ ամերիկացիների շրջանում»,- ասել է ամերիկացին:
Մեկ այլ տեղեկությամբ՝ Քաբուլ է ժամանել Կատարի ավիաընկերության C-17 տրանսպորտային ինքնաթիռը՝ առաջին արտասահմանյան փոխադրամիջոցը, որը վայրէջք է կատարել Աֆղանստանի մայրաքաղաքում օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Կատարը և Թուրքիան կաջակցեն «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարցում: