Հայաստանը մեր դաշնակիցն է, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ունեցած ելույթի ժամանակ:
ՌԴ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին և համագործակցությանը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտարարությունների իրականացմանը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը:
Լավրովը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր հանրապետության նորանշանակ արտգործնախարարը, և մենք լավ բանակցություններ վարեցինք: Մենք ունենք երկկողմ շատ հարուստ օրակարգ, և՛ այցերի փոխանակում, և՛ խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում, այս ամենն ընթանում է շատ ինտենսիվ ու վստահ: Իհարկե, դեռևս կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի հանդարտեցման գործում անցյալ տարվա նոյեմբերին որոշիչ դեր ունեցավ Ռուսաստանի Դաշնությունը, կան ստորագրված համաձայնագրեր, որոշումներում անձամբ ներգրավված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մեր զինվորականներն ամեն օր տեղում աշխատում են նվազեցնել լարվածությունը և ստեղծել վստահություն:
Այլ ձևաչափերում էլ մեր սահմանապահներն օգնում են մեր հայ դաշնակիցներին՝ լուծելու խնդիրներն ադրբեջանցի հարևանների հետ»: