Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին:
Նիստին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:
Մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան երեք պատերազմների նահատակների հիշատակը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ նիստի անցկացման հիմքում ունեցել են հենց նահատակների պատվիրանները:
«Արցախահայության՝ դարերի խորքից եկած ազգային-ազատագրական պայքարի ու մաքառումների հանգրվանը 1988 թ. նոր թափ ստացած Արցախյան շարժումն էր և հետագայում՝ ուղիղ 30 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության հռչակումը: Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:
Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելության, պետականակերտման շարունակականության գործում,- ելույթում ընդգծել է Արթուր Թովմասյանը, ապա հավելել.- Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016 թվականի ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմները վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրանց անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները: Ու այս ամենից հետո բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ: Չնայած հակամարտող կողմերի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին՝ մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն միտված պատշաճ միջավայրի հաստատմանը»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ, այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է»,- ասել է Արցախի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ ժողովուրդը գիտակցաբար է ընտրել այդ ուղին ու բարձր գին է վճարել դրա համար: «Արցախի հարցը դեռ լուծված չէ, բազմաթիվ հայորդիներ գտնվում են անհայտության մեջ, մեր տնտեսական, արդյունաբերական զորությունը տկարացել է, և ոչինչ այնպես չէ, ինչպես որ մենք կուզեինք: Բայց մենք է, որ ամեն բան պետք է անենք այս վիճակը փոխելու համար»,-ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ուղղել արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
«Այս տոնը առաջին հերթին զոհված հայորդինների տոնն է, ում կյանքի շնորհիվ հայրենիք ունենք: Հանուն նրանց հիշատակի բոլորս պարտավոր ենք ուժեղացնել Արցախը, ինչը կնշանակի զորացնել Հայաստանը»,- ասել է Դավիթ Բաբայանը: Նա անդրադարձել է առկա մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Արցախը պահելու բոլոր հնարավորություններն ունենք:
«Միայն պետք է ինքներս մեզ հաղթենք, չի կարող լինել էֆեկտիվ արտաքին քաղաքականություն, եթե խարխլված են արժեհամակարգերը»,- ասել է Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ արցախակենտրոնացումը պիտի դառնա հայության առաջնահերթությունը: Հանրապետության օրվա առիթով արցախցիներին շնորհավորել են Հայաստանից ժամանած հյուրերը: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի բարեմաղթանքները:
Անդրադառնալով անկախության հռչակագրին՝ Ռուբեն Ռուբինյանը այն բնութագրել է որպես Արցախի հայերի գոյության պահպանման միակ ձև: Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը շարունակվում է մինչ այսօր: «Արցախի 30-ամյակը նշում ենք ծանր պատերազմից հետո, ժողովուրդը սգավոր է, հայրենիքի մի մասը՝ կորսված, ինչը, սակայն, չպիտի խամրեցնի օրվա խորհուրդը: Սա արցախցու կամքի 30-ամյակն է, սեփական իրավունքը իրացնելու 30-ամյակը: Հավերժ փառք բոլոր նրանց, ում շնորհիվ իրացվեց այդ իրավունքը»,- իր խոսքը եզրափակել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:
«Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը արցախցիների 30 տարի կայացրած որոշումն իմաստուն որակեց՝ այն համարելով Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը:
«Կարևոր է, որ նշենք այս օրը: Սա ուղերձ է մեր հարևաններին. հայի կամքն անկոտրում է, անկախ վայրիվերումներից՝ մենք կարողանում ենք վերագտնել մեզ ու հաղթահարել փորձությունները: Մենք միասնական համակարգի մեջ ենք: Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Արցախին: Շատ քիչ ժամանակ ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը ու վերականգնելու կորցրածը»,- ասել է Ռուստամյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը նույն գաղափարն էր արտահայտում: «Արցախում է վճռվել, վճռվում ու վճռվելու մեր ժողովրդի ապագան: Բզկտված, բայց կենսունակ Արցախը վերակառուցելու է իրեն ու հզորանալու է: Ուժ ու ջանք չենք խնայելու միջազգային ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքի, բռնազավթած տարածքների դեօկուպացիայի մասին բարձրաձայնելու»,- ասել է նա: