Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանին ազդակներ է ուղարկում և կոչ է անում առանց լրացուցիչ պայմանների ազատ արձակել ռազմագերիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Լավրովն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքն այդ պահին գերության մեջ գտնվող ռազմագերիներին ազատ արձակելու մասին էր: Այժմ Ադրբեջանը գերության մեջ է պահում հայ զինծառայողների խմբի զգալի մասին, որոնք այնտեղ էին հայտնվել հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց և ռազմական ցանկացած գործողության դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումից հետո:
«ՌԴ նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներում, և մենք այլ մակարդակներում ազդակ ենք ուղարկում ադրբեջանցի գործընկերներին, նրանց կոչ ենք անում առանց որևէ պայմանի ազատ արձակել բոլորին: Դա կլիներ հենց այն վստահությունը, որն այժմ չի բավականացնում, իհարկե, դա կլիներ նաև հումանիտար կարևորագույն քայլ: Հետևաբար՝ մենք կշարունակենք գործել այդ դիրքորոշումից»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: