Հայաստանի գործադիր իշխանությունը նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտություն է տեսնում, ինչն ամրագրվել է կառավարության 2021-2026 թվականների զարգացման ծրագրում: Արտախորհդարանական ուժերի հավաստմամբ՝ հարցը քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհդարանական ուժերի համատեղ խորհրդի նիստերում:
Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան» կուսակցության նախագահ) - Ընդհանուր փոխըմբռնում կա փոփոխության առումով, փոխըմբռնում կա, ամենայն հավանականությամբ, նաև կառավարման համակարգի փոփոխության առումով: Այս առումով մենք ունենք հստակ համոզմունք, որ անհրաժեշտ է վերականգնել կիսնախագահական կառավարման համակարգը, առավել ևս այս օրերին մենք տեսնում ենք պառլամենտարիզմի կամ խորհրդարանական կառավարման համակարգի այն բոլոր թույլ տեղերը, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել, որ այս համակարգը կայացած չէ:
Նորիկյանի գնահատմամբ՝ Հայաստանում խորհրդարանական համակարգը կայացած չէ, իսկ Սահմանադրությունը ոչ թե հաղթահարում է ճգնաժամերը, այլ նորը ստեղծում: «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ կարծում է, որ վայրկյան առաջ պետք է վերադառնալ նախկին՝ կիսանախագահական համակարգին: Նա ներկա Սահմանադրությունն ավանտյուրա է որակում:
Տիգրան Ուրիխանյան («Ալյանս» կուսակցության նախագահ) - Քննարկվել է, այո, ու ողջունելի է, որ ծրագրում այն ներառված է, հենց երկրի կառավարման մոդելից բխող փոփոխությունների անհրաժեշտության համատեքստում է քննարկվել:
Արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ «Լուսավոր Հայաստանի» մոտեցումն այլ է: Կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ Հայաստանն այդպես էլ խորհդարանական կառավարման չի անցել: Երկրի կառավարման ներկայիս մոդելը Գորգիսյանը սուպերվարչապետական է որակում՝ նշելով, որ գործադիրի ղեկավարը գրեթե միանձնյա որոշումներ կարող է կայացնել:
Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ) - Վերջին ընտրություններին առաջին դեմքն ընտրվեց հանրության կողմից, և նա նշանակեց Ազգային ժողով, այսինքն՝ այս դեպքում քաղաքացիներն ԱԺ չընտրեցին, այլ քաղաքացիները գնացին ընտրության՝ չհասկանալով, որ ընտրում են ԱԺ, իրենք ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյան, Էդմոն Մարուքյան և այլն, իրենք առաջին դեմքերն էին ընտրում:
Կառավարության ծրագրում Սահմանադրության փոփոխությունն ամրագրված է, սակայն արտախորհրդարանական ընդդիմությունն իշխանությունից հստակ պատասխաններ է ակնկալում՝ հասկանալու, թե փոփոխություններն ինչ մակարդակի են լինելու: Իշխանությունն ունի իր պատասխանը:
Վլադիմիր Վարդանյան (պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ նախ պետք է վեր հանել բոլոր այն սահմանադրական խնդիրները, որոնք այս պահին կարող են խոչընդոտ հանդիսանալ երկրի սահմանադրական անվտանգության և հետագա սահմանադրաիրավական զարգացման հետ կապված, որից հետո նոր կարելի է սահմանադրական փոփոխությունների հնարավոր ուղղությունները որոշել:
Սահմանադրական փոփոխություններն ինքնանպատակ չեն, երկրի կառավարման մոդելի փոփոխությունը՝ նույնպես՝ շեշտեց Վարդանյանը: Նա վստահեցրեց՝ փոփոխությունները մշակելիս քննարկումներ են լինելու խորհրդարանական, արտախորհդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ:
Վլադիմիր Վարդանյան - Անվտանգային միջավայրի ապահովման տեսանկյունից մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք եկարատև են և խնդիրների լուծման են միտված, այլ ոչ թե մի խումբ խնդիրները այլ խնդիրներով փոխարինելով:
Սահմանադրական փոփոխությունների մշակման աշխատանքների մեկնարկի ժամանակացույցը դեռ հստակ չէ, բայց ամեն ինչ թափանցիկ է լինելու՝ վստահեցրեց իշխանության ներկայացուցիչը:
Հեղինակ՝ Անի Օհանյան