Էլեկտրականության բացակայության պատճառով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
«Հետաձգվեց էլեկտրամատակարարման բացակայության պատճառով: Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը:
Այս նիստին Գևորգյանի պաշտպանը պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացներ դատավորին։ Նախատեսվում էր նաև մեղադրական եզրակացության հրապարակում։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 մլն դոլար կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ դրան օժանդակելու համար:
Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը՝ ժամը 13։00-ը։