Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է «իԳործ» ծրագրով մարզ գործուղված Սոֆյա Սեյրանովնան։
«Շիրակի մարզպետարանը սիրով միանում է «իԳործ» ծրագրին: Ուրախ ենք, որ Շիրակն առաջին մարզն է, որ միանում է ծրագրին։ Շատ կարևոր նախաձեռնություն է «իԳործ» ծրագիրը, որի միջոցով սերտանում է կապը մեր սփյուռքի հետ, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետները կարողանում են իրենց հմտություններն ու ջանքերը ներդնել մեր երկրի կառավարման գործում։ Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է համագործակցության, իսկ լավ կադրերին ու մասնագետներին մենք սիրով կհյուընկալենք ու կհամագործակցնենք»,- Զարեհ Սինանյանի հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և համագործակցության համար և կարևորել ծրագրի իրականացումը։
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած Սոֆյան մեկ տարի կաշխատի Շիրակի մարզպետարանում։ Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել է տեղափոխվել Գյումրի՝ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու մարզպետարանի գործունեությանը: Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:
«ի Գործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում: Նախորդ տարի ծրագրի շրջանակներում 19 երկրներից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետ աշխատեց 19 պետական օղակներում: Այս տարի ևս 50 մասնագետ կմիանա կառավարության աշխատանքներին: