Վարպետ Լևոն Կուչատյանը պատկերել է պոչը ներքև, թևերով առյուծներ՝ որպես համեստության նշան: Կողքին կախարդական արմավենի է, որ ուտեն առյուծները: Եթե ծաղկի թերթիկը մոտեցնենք առյուծին, կդառնա ավելի աշխույժ:
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում ուսումնասիրում են հայկական արծաթագործությունը: Ցուցադրությունը իրականացնում է «Ավանդույթ և արդիականություն» հասարակական կազմակերպությունը:
Օվսաննա Մարգարյան («Արծաթապար» ծրագրի ղեկավար) - Ծրագիրն այնպես էինք կազմել, որ պատրաստենք 12 արծաթյա գոտիներ՝ խորհրդանշելով Քրիստոսի 12 առաքյալներին: Գոտիները կրկնօրինակված են լինելու Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, կենդանական գեղեցիկ քանդակներից:
Պատմական Հայաստանի հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Թադեոս առաքյալի վանքը գտնվում է Իրանում: Հայաստանի և Իրանի «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում`որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական) - Բարեկամությունը և ընկերությունը հայերի և իրանցիների միջև կարիք չունի ներկայացման, այն դարերի պատմություն ունի: Բավական է՝ կես հայացք նետեք այն ամենին, ինչ այստեղ տեսնում եք և կհասկանաք՝ ինչ խորն են այդ ամենի արմատները:
«Արծաթապար» ծրագիրն այսպես չի ավարտվի:
Օվսաննա Մարգարյան («Արծաթապար» ծրագրի ղեկավար) - Գոտիները հանդերձների հետ միասին մշտական ցուցադրության կուղարկվեն Սուրբ Թադեոսի վանք: Մենք նպատակ ունենք կազմակերպել ուխտագնացություն դեպի Թադեոսի վանք»:
Հույս ունեն ծրագրերն իրականացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: