Մարտունու իր տնամերձում ֆերմեր Սերյոժան Հայաստանի համար նորույթ՝ քինոա է աճեցնում։ Այն ձավարա-հատիկային մշակաբույսերի ընտանիքին պատկանող կուլտուրա է։ Սերմերը բրնձի-հնդկաձավարի նման եփում-ուտում են։ Կհարմարվի՞ արդյոք բույսը մեր երկրում, ինչքա՞ն բերք կտա՝ փորձարկումը նախաձեռնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Անդրեաս Մելիքյան (ՄԱԿ-ի ՊԳԿ Քինոայի փորձարկման ծրագրի ազգային խորհրդատու, գյուղատնտեսական գիտ դոկտոր) - Հույս ունենք՝ այս ամսվա մեջ բույսը իրա ծաղկման փուլը կավարտի, որ մինչև հոկտեմբերի վերջ նաև սերմերը հասունանան:
FAO-ն այս ծրագիրը Հայաստանում նախաձեռնել է Տաջիկստանին, Ղրղզստանին և Հյուսիսային Մակեդոնիային զուգահեռ՝ կլիմայի գլոբալ տաքանալու պատճառով։ Քինոան՝ նույն ինքը՝ սագախոտը, մեր շոգերին ու ոռոգման պակասին ինչպես կդիմանա գիտական փորձարկում-հետազոտությունը՝ սելեկցիոն կայաններում ու մի քանի անհատ գյուղատնտեսների մոտ իրականացնում է էկոնոմիկայի նախարարության Սերմերի գործակալությունը։
Դավիթ Բաբայան (ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Սորտերի ընտրությունը պայմանավորված է եղել նրա երաշտադիմացկունությամբ:
Ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի՝ չնայած բերքը հավաքելուց դեռ 1,5-2 ամիս կա, բայց արդեն պարզ է, որ՝ բույսն ավելի լավ հարմարվել է Գեղարքունիքի ու Շիրակի լեռնային գոտիներին, քան Արարատ-Արմավիրին։ Պերուից ներկրած 4 սորտ է ցանվել։
Դավիթ Բաբայան - նախատեսվում է, որ արդյունքների ամփոփումից հետո այն սորտերը, որ կլինեն համապատասխան ՀՀ բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար, կգրանցվեն սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում, ու թույլտվություն կլինի դրա իրացման և շրջանացման:
Որպես սերմացու՝ դեռ ոչ, բայց ուտելի քինոա հիմա էլ կարելի է գտնել մայրաքաղաքային որոշ սուպերմարկետներում։ Այն գերհարուստ է տարբեր վիտամին-հանքանյութերով․ միայն 18 ամինաթթու է պարունակում, դիետիկ մանրաթելեր, ֆոսֆոր՝ այնքան, որքան ձուկը, ինչի շնորհիվ էլ մեծ տարածում ունի աշխարհի խոհանոցներում։ Ի դեպ, բավականին թանկ է․ 300 գրամանոց տուփը 2300 դրամ է։ Բարձրարժեք լինելն ու աճեցնելիս քիչ խնամք պահանջելն է պատճառը, որ՝ ՄԱԿ-ի մասնագետները քինոան համարում են գյուղական աղքատությունը կրճատող, ձեռնտու մշակաբույս՝ ասում է ծրագրի ազգային խորհրդատուն։
Անդրեաս Մելիքյան - Եթե մեկ հա ցորենի դաշտից 20 հա բերք է ստացվում, էդ նույն 20 ցենտները մենք քինոայի համար անենք՝ որտեղ ցորենի կգ-ը 150 դրամ է, իսկ քիոնայինը 2-3000 դրամ, մանավանդ որ բույսը աճեցնելը մեծ ջանք չի պահանջում:
Բույսը ցանելուց քանի՞ օր հետո ծլեց, ինքա՞ն է ջրել, առաջին հուրանները ե՞րբ դուրս եկան: Սերյոժա Ավագյանն ամեն ինչ գրառում է փորձարարական իր մատյանում։ Որևէ խնդիր՝ Երևանից է խորհուրդ հարցնում։ Առանց թունաքիմիկատի է ոչնչացրել քինոայի տերևներին նկատած վնասատուները։
Սերյոժա Ավագյան - Երկու-երեք անգամ ես էս տարածքը սխտորաջրով ախտահանեցի, ու էդ մժեղները վերացան:
Այգետիրոջ հետ նոր կուլտուրայով հետաքրքրված հարևաններն ու ծանոթներն էլ սպասում են՝ բույսի կողային կոկոնները լցվեն սերմով։ Քանի դեռ տարածքը փոքր է՝ բերքը ձեռքով կքաղեն, կթողնեն չորանա, թափ կտան, կհավաքեն։ Մյուս տարի, մտածում են, քինոան էլ ցորեն-գարու հետ վաղ գարնանը ցանել, որ ամռան վերջին հատիկն արդեն հասած լինի: