6-ամյա դադարից հետո Կարեն Դուրգարյանը վերադառնում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն: Երևանյան օպերայում նա նոր մարդ չէ. 2001-ից թատրոնի գլխավոր դիրիժորն էր։ Ներկայացնելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, փոխնախարար Արա Խզմալյանը նշում է՝ Կարեն Դուրգարյանի ուսերին ահռելի պատասխանատվություն է դրվել. առաջիկա 6 ամսում՝ մինչև մրցույթը հայտարարելը, պետք է ամբողջանա թատրոնի խնդիրների համապատկերը:
Անդրադառնալով երևանյան օպերայի խնդիրներին՝ փոխնախարարը փաստում է՝ դրանք շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել. թատրոնն այսօր լիովին մեկուսացած է օպերային միջազգային փոխգործակցությունից, ունի սերնդափոխության կարիք և, վերջապես, լրջագույն խնդիր է թատրոնի խաղացանկի ձևավորումը: Ի վերջո, երևանյան օպերան մի թատրոն է, որը խորհրդային տարիներին իր խաղացանկում 64 անվանում ուներ: Կարեն Դուրգարյանն իր առաջնահերթություններից մեկը համահայկական երաժշտական ներուժը երևանյան օպերայում կենտրոնացնելն է համարում:
Արա Խզմալյանն ընդգծում է՝ որքան խիստ պահանջներ են ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, այնքան մեծ է լինելու գործադիրի աջակցությունը Դուրգարյանի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին: Լիահույս է, որ արդյունավետ կառավարումը բազմաթիվ խնդիրներ կլուծի կարճ ժամանակում:
Իսկ գործընկերներին Դուրգարյանի ներկայացրած պահանջը առայժմ մեկն է՝ այսօրվանից օպերային թատրոնն ապրելու է նոր ռիթմով ու շնչառությամբ, և վստահ է՝ փոփոխությունները չեն ուշանա: