ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները:
«Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։
Անկասկած, Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, ամբողջությամբ տեղավորվում են մեր պետությունների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ջանքերի տրամաբանության մեջ։
Բաց և վստահելի մթնոլորտում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հիմնական հարցերը, որոնք լայն դաշտ են ստեղծում նաև բազմակողմ հարթակներում արտաքին քաղաքական համակարգման համար:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, և, առաջին հերթին՝ իհարկե, մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային։
Բնականաբար, պատշաճ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը՝ նշելով այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ակտիվացնել համատեղ ջանքերը։
Հիմնական շեշտը դրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը:
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես Բաքվի կողմից սադրանքներ կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովող գործոն, նախադրյալներ է ստեղծում բնականոն կյանքի վերականգնման համար: Այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտությամբ նշել Ռուսաստանի Դաշնության և նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետևողական ջանքերը։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց թվում խիստ արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Դրա հետ մեկտեղ, 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ոտնահարում է ինչպես տվյալ հարցի վերաբերյալ, այնպես էլ հայտարարության այլ դրույթների իրագործումը՝ միևնույն ժամանակ տարածելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունը: Եվ այս ամենը մատնանշում է Բաքվի՝ պայմանավորվածությունները հարգելու կարողության աստիճանը, որը շարունակում է դիմել ակնհայտ սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով տարածաշրջանում, առանց այդ էլ, երերուն իրադրությունը։
2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք անընդունելի է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:
Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ օրակարգի շուրջ ակտիվ բանակցություններ վարել։ Սակայն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։
Այսօր իմ կողմից ևս մեկ անգամ արձանագրվեց այն փաստը, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է մնալ բաց: Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։ Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Տարածաշրջանի վերականգնման գործում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ իմ կողմից արձանագրվեց, որ հումանիտար հասանելիությունը Արցախ չպետք է քաղաքականացվի․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Չափազանց հրատապ է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված մի շարք մշակութային, այդ թվում՝ հայկական կրոնական հուշարձանների պահպանության խնդիրը։
Չափազանց հրատապ է նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Արցախի բազմաթիվ մշակութային, այդ թվում` հայկական կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը:
Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ նշվել է, որ հաղորդակցման ուղիների բացումը կարող է փոխել տարածաշրջանի պատկերը, դիվերսիֆիկացնել լոգիստիկ կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը ուրվագծում է այդ գործընթացի շրջանակները։ Այստեղ նույնպես, մեր համոզմամբ, դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է։
Արտաքին քաղաքականության համակարգման համատեքստում քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որտեղ Հայաստանը շուտով կստանձնի նախագահությունը, որը միտված կլինի կազմակերպության ներուժի բարձրացմանը՝ ի շահ հավաքական հիմունքներով անվտանգության ապահովման և համաչափ զարգացման:
Եվ վերջում կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Սպասում ենք Ձեզ Երևանում` Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:
Հարց․ Ծրագրվա՞ծ են արդյոք հայկական և ադրբեջանական կողմերի միջև հանդիպումներ որևէ ձևաչափով, կամ նախատեսվո՞ւմ է համատեղ հանդիպում։
Ադրբեջանը մինչև օրս չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով: Փաստորեն, ադրբեջանական կողմը խոչընդոտում է այսչափ կարևոր հարցի շուրջ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որը կարող էր նպաստել մնացած հարցերի քննարկման համար որոշակի նախադրյալների ստեղծմանը։ Ի վերջո, ինչպես եք պատկերացնում այս հրատապ մարդասիրական հարցի լուծումը, որը տառապանք է պատճառել բազում հայ ընտանիքների։
Արարատ Միրզոյան․ Հայաստանը վաղուց արդեն կատարել է իր պարտավորություններն այս հարցի վերաբերյալ․ հայկական կողմը ազատ է արձակել և Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք կարծում ենք, ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին: Ինչ վերաբերում է նախորդ հարցին, ապա Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք, և մենք կարգավորումը տեսնում ենք միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, այնպես որ մենք պատրաստ ենք հանդիպման։
Հարց․ «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանում վերջնական հաղթանակի մասին՝ վերջին ամերիկյան զինծառայողի հեռանալուց հետո։ Որպես ՀԱՊԿ անդամներ՝ Ռուսաստանը և Հայաստանը ի՞նչ ընդհանուր դիրքորոշում ունեն աֆղանական հարցի շուրջ։
Արարատ Միրզոյան․ Իհարկե, մենք հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Վստահաբար կարելի է ասել, որ մենք հավատարիմ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք ողջունելու ենք և, սկզբունքորեն, հարգելու ենք իրենց ապագայի վերաբերյալ Աֆղանստանի ժողովուրդի կայացրած որոշումը: Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես ՀԱՊԿ անդամ պետության, մենք կցանկանայինք հավաստիանալ, որ բոլոր տարածաշրջաններում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ երկայնքով, այդ թվում՝ այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Աֆղանստանը, տիրի խաղաղություն և կայունություն։ Ուստի մենք նույնպես ջանքեր կգործադրենք արդեն սեպտեմբերյան գագաթնաժողովի շրջանակներում, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում մշակված լինի։
Հարց. Կարո՞ղ եք Ձեր կարծիքը հայտնել Ադրբեջանի այն դիրքորոշման վերաբերյալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը պետք է ներառի Երևանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
Արարատ Միրզոյան․ Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ հաշտության պայմանագրի վերաբերյալ երկրորդ հարցին՝ Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես այժմ կկենտրոնանայի 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն վարվում: Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»։