Արարատ Միրզոյանն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջինը հանդիպեց ռուս գործընկերոջ հետ Սպիրիդոնովկայի հայտնի երբեմնի Մոռոզովայի, այժմյան՝ ԱԳՆ-ի բարձրակարգ ընդունելությունների տանը: Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը, եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հումանիտար խնդիրները, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը Միրզոյան-Լավրով բանակցությունների առանցքային թեմաներն էին։ Մոսկվան հույս է հայտնում, որ այս բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Նախ Միրզոյանն ու Լավրովն առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպումներից հետո նախարարները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին: Ռուսաստանը տարբեր մակարդակներով ազդակներ է ուղարկում ադրբեջանական կողմին՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիներին առանց նախապայմանների: Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Լավրովը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: Ռուսական դիվանագիտության ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք է գնացել այն անձանց ազատ արձակման մասին, որոնք այդ պահին գտնվում էին գերության մեջ:
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ իր շփումներում և մենք՝ այլ մակարդակներում, հստակ ազդակներ ենք ուղարկում մեր ադրբեջանցի գործընկերներին՝ կոչ անելով ազատ արձակել բոլորին՝ առանց որևէ նախապայմանի։ Դա կլիներ վստահության կարևոր միջոց, ինչը հիմա պակասում է։ Դա կլիներ նաև կարևոր մարդասիրական քայլ: Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք հանդես գալ այդ դիրքորոշմամբ:
Սակայն վերջնական որոշումը կախված չէ Մոսկվայից՝ ընդգծում է Լավրովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է փոխվստահության ձևավորման ցանկացած քայլի, ինչը կարող է լինել բարի կամքի դրսևորում: Իր հերթին Միրզոյանը նշեց, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը խիստ արդիական է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման համատեքստում։
Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար - Հայաստանը վաղուց արդեն կատարել է իր պարտավորություններն այս հարցի վերաբերյալ․ հայկական կողմը ազատ է արձակել և Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ Մենք կարծում ենք, ինչպես արդեն ասել է նախարար Լավրովը, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ ոչ միայն ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր կողմից ստանձնած դրույթների, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, և այդ մթնոլորտում արդեն կարելի է ձեռնամուխ լինել բոլոր հարցերի վերջնական կարգավորման շուրջ քննարկումների հետագա գործընթացներին:
Եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, անվտանգության ապահովումն ու հումանիտար խնդիրների լուծումն է Արցախում այժմ առաջնային համարում ռուսական կողմը: Ռուս դիվանագետը ուշադրություն է հրավիրում նաև հռետորաբանության խնդրի վրա:
Սերգեյ Լավրով - Երկու կողմերից էլ պետք է լրջորեն և էականորեն մեղմել հռետորաբանությունը։ Դա պայմաններ կստեղծի վերջնական և լիարժեք կարգավորման համար։ Ես դրանում չեմ կասկածում:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի կողմից շրջանառվող «խաղաղության պայմանագրի» մասին թեզին: Այս փուլում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում՝ հայտարարեց Արարատ Միրզոյանը: Միաժամանակ, նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները նախևառաջ պետք է կենտրոնանան երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա:
Արարատ Միրզոյան - Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա։
Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով՝ ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա մեծապես պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում իր պարտավորությունները: Ավելին, միջազգային իրավունքի խախտմամբ, Ադրբեջանը ձեռնարկում է բացահայտ սադրիչ գործողություններ, որոնք ուղղակի ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել ենք այս տարվա մայիսի 12-ից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում իրավիճակի երկարաժամկետ կայունացման օգտին, ինչի համար ռուսական կողմն անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում փոխադարձ գրգռիչների վերացումը:
Սերգեյ Լավրով - Ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Իսկ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների սահմանազատման և սահմանագծման միջոցով։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունն այդ հարցի հետ կապված հայտնի է։ Մենք այսօր խոսել ենք այն մասին, թե ինչպես արագ ապահովել դրա իրականացումը:
Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ կարծիքներ փոխանակելով միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: