Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության համար այսօր առավոտյանարտահերթ նիստ էր գումարվել: Դոնթի բանաձևով այդ աթոռը ընդդիմությանն է լինելու, Հայաստան դաշինքից ներկայացվել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց Գեղամ Մանուկյանը: Երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը ավարտեց խոսքը հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Վիլեն Գաբրիելյանը դիմեց Մանուկյանին, հարցրեց.
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Նոյեմբերի 9-ից սկսած՝ Ղազինյանը ինձ, մեզ, բոլորիս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին, բազմաթիվ անձնական վիրավորանքներ է հասցրել, անհիմն անպատասխանատու արտահայտություններ է թույլ տվել մեր հասցեին: Հարցս հետևյալն է ու հռետորական չէ, դուք իմ տեղը լինեիք, պարոն Ղազինյանին կընտրեի՞ք:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Բոլոր պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին այդ վիրավորական արտահայտությունները ուղղված չի եղել, կոնկրետ եղել է անձ, մարդ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, որը գտնվել է քննադատության և դատապարտման թիրախում, ինչ վերաբերում է ձեր հարցին, սկզբունքի հարց է, մոտեցման հարց է, ես լինեի, ձեր տեղը չէի ընտրի:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Ղազինյանի կենսագրականի մեջ չնշվեց բանակում ծառայած լինելու փաստը:
Դիտարկմանն արձագանքեց հենց հասցեատերը, բացատրեց՝ ասպիրանտուրա ընդունվելուց հետո օգտվել է տարկետման իրավունքից, զբաղվել է գիտությամբ: Պարտադիր պահանջ էր, որ գիտությամբ զբաղվողը նաև շարունակի գիտամանկավարժական գործունեությունը, մանրամասնեց Ղազինյանն ու հիշեցրեց՝ ատենախոսությունը պաշտպանելուց հետո դասավանդել է համալսարանում, նաև դիվանագիտության ոլորտում է աշխատել:
Արթուր Ղազինյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ) - Ես օգտվել եմ այդ պահին օրենսդրությամբ սահմանված հնարավորությունից, որևէ կետով այն չի խախտվել, հետագայում շարունակել եմ զբաղվել գիտական գործունեությամբ և հետևաբար ծառայել եմ իմ պետությանն ու ժողովրդին այն խրամատում, որը տրվել է ինձ ՀՀօրեսնդրությամբ, դա իմ խրամատն է եղել
Թեկնածուի կենսագրական որոշ հատվածներին վերաբերող հարցեր էլ ուներ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ 2004-2008 թթ. Ղազինյանը եղել է այն ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, հետագայում էլ՝ 2009-2010 թվականներին խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել արդեն Աժ նախագահ դարձած Աբրահամյանի մոտ:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ձեր հայտարարագրում երևում է, որ դուք շատ հարուստ եք, դա գիտական գործունեության արդյունքո՞ւմ է, թե՞ պարոն Հովիկ Աբրահամյանի մոտ աշխատանքի արդյունքում:
Արթուր Ղազինյան - Ես 10 տարի չեմ զբաղվել պետական ծառայությամբ , որևէ ելք ու մուտք չեմ ունեցել պետբյուջեի միջոցներին, նաև ունեցել եմ հնարավորություն զբաղվելու օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս:
Նշենք, որ ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Արթուր Ղազինյանն ունի 1 բնակարան և 1 հողամաս Երևանում: Որպես շարժական գույք հայտարարագրել է 2016 թվականի արտադրության Jaguar մակնիշի ավտոմեքենա: Երևանի պետական համալսարանից էլ ստացել է 22 մլն դրամ աշխատավարձ, ինչը ամսական կտրվածքով 1 մլն 833 հազար դրամ է կազմում: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 2021 թ. հունիսի 7-ին, Արթուր Ղազինյանն ունեցել է 30 մլն դրամ, 200 հազար եվրո և 500 հազար դոլար:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում իր թեկնածությունը համաձայնեցված է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ի պատասխան հանձնաժողովի նախագահի պարզաբանեց Ղազինյանը:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ Աժ նիստի ընթացքում արձանագրված միջադեպին: Քոչարյանը նկատեց՝ Ղազինյանը բարձրահասակ է ու ինքը լավ նկատել է, թե ինչպես դահլիճում շշանետման ժամանակ, ընդդիմադիր պատգամավորն էլ է շիշ նետել ու վարչապետի ուղղությամբ: Ղազինյանն արձագանքեց՝ երբ կրքերը լարվեցին, ինքն առաջ նետվեց դեպի Սեյրան Օհանյանը՝ նրան հավանական բախումից պաշտպանելու համար ու իր վրա նետված շիշը հետ ուղարկեց:
Անդրանիկ Քոչարյան - Դա միտումնավո՞ր էր էդպես, թե՞ դուք ինքնաբուխ որոշեցիք էդ ուղղությամբ շիշը նետել՝ չգիտակցելով, որ պետական պահպանությունն իրականացնում է գործառույթ, և այդտեղ այդ շիշը նետվել ամեն ինչ, ու դա կարող էր վերածվել այլ բանի:
Արթուր Ղազինյան - Ես առանց նայելու վերցրեցի ու հետ նետեցի որտեղից որ եկել էր ու հետագայում տեսնելով որ այն գնաց մհեր գրիգորյանի ուղղությամբ, անկեղծ վատ զգացի, կուզեմ առիթը օգտագործելով ասել, որ որևէ մեկին թիրախավորված չէր, որևէ անձի, հատկապես երբ ձեր կողմից ասված մասը այդ պահին այդտեղ նստած չէր, աստիճաններով դուրս էր գալիս դահլիճից:
Պատգամավորների հարցերից մեկն էլ վերաբերում էր գլխավոր շտաբի՝ դեռ փետրվարի 25-ի հայտարարությանն ու դրան հաջորդած ընդդիմության արձագանքին: Պաշտպանական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուից Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ինքն ու իր թիմը ողջունեցին բանակի ներքաղաքական կյանքին միջամտելու հայտարարությունը, որով զինված ուժերը դուրս էին եկել իրենց սահմանադրական լիազորություններից:
Արթուր Ղազինյան - Եթե քաղաքական իշխանության գործողություները վտանգում են զինվորի կյանքը, եթե ադկվատ չի արձագանքում իրավիճակին, այդ պարագայում Գլխավոր շտաբն իր հիմնական սահմանադրական լիազրությունները կատարելու նպատակով կարող է պահանջել քաղաքական իշխանության հրարակաը, որ կատարի իր լիազորությունները:
Մեկուկես ժամ քննարկումից հետո Արթուր Ղազինանին ընտրելու հարցը դրվեց քվեարկության, 4 կողմ, 6 դեմ ձայնով նա չնտրվեց: Հանձնաժողովի փոխնախագահի թափուր աթոռի համար նոր թեկնածու ներկայացնելու համար «Հայաստան» դաշինքը 5 օր ժամանակ ունի:
Իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հաջողվեց փոխնախագահ ընտրել: Այն գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանը, իսկ նրա տեղակալն այսօրվանից «Հայաստան» դաշինքից Արթուր Խաչատրյանն է: