Տարածքային զարգացման նպատակով հզորացվել են Արենի համայնքի որոշ ենթակառուցվածքներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ տարածքում մեկնարկեց Արենի գինու հյուրանոցի շինարարությունը:
Հովհաննես Պողոսյան («Թուֆենկյան հոսպիտալիտի» ընկերության փոխտնօրեն) - Երբ որ սկսել էինք այդ նախագիծն իրականացնելու, պարզվեց, որ տվյալ համայնքում չկան համապատասխան ենթակառուցվածքներ՝ այդ հզորությունը, որն անհրաժեշտ է, բավարարելու հյուրանոցի սպասարկումը:
Գործին խառնվեց Տարածքային զարգացման հիմնադրամը: Պետական աջակցությունից կօգտվեն և՛ համայնքը, և՛ ներդրողը՝ հավաստիացնում են տարածքային զարգացման հիմնադրամից: Ավելի քան 8 կիլոմետր վերգետնյա և մեկ կիլոմետր էլ ստորգետնյա գազատար է անցկացվել, կառուցվել են նոր ենթակայաններ, անցկացվել է օպտիկամալուխային ինտերնետ կապ, ջրահեռացման ու ջրամատակարարման ցանց: Պետական աջակցությունը կազմել է 564 միլիոն 490 հազար դրամ, որից կօգտվի և՛ համայնքը, և՛ ներդրողը՝ հավաստիացնում են Տարածքային զարգացման հիմնադրամից: Արենի խոշորացված համայնքն ունի ինը բնակավայր, երեքը գազիֆիկացված:
Հուսիկ Սահակյան (Արենի խոշորացված համայնքի ղեկավար) - Նախատեսում ենք գազիֆիկացնել արդեն կառուցված գազատարով, որը անցկացվել է Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով:
Վայոց ձորի Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի համայնքները գազիֆիկացնելու են սուբվենցիոն ծրագրերով՝ ասում է համայնքի ղեկավարը: Նպատակ ունեն գազը հասցնել մինչև սահմանամերձ Խաչիկ գյուղ: Կապույտ վառելիքը առաջինը Արենիում կվառեն:
Հուսիկ Սահակյան (Արենի խոշորացված համայնքի ղեկավար) - Փականը նախատեսված է Արենի գյուղը հետագայում գազիֆիկացնելու համար: Արդեն իսկ նախատեսել ենք 2022 թվականին Արենի բնակավայրում մեկ-երկու մեծ թաղամաս գազիֆիկացնել:
Ենթակառուցվածքների հզորացմամբ ու գինու հյուրանոցի կառուցմամբ խնդիր է դրված տարածաշրջանում խթանել զբոսաշրջության զարգացումը: Հյուրանոցն արդեն նախատեսել է 80-100 աշխատատեղ տեղացիների համար: