ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառով։ «Հիվանդությունների կանխարգելան ամերիկյան կենտրոնն Ադրբեջանից բացի այցելությունների համար ոչ ցանկալի երկրների ցանկում է ընդգրկել նաև Շվեյցարիան և Էստոնիան»,- հաղորդում է Reuters գործակալությունը` նշելով, որ ըստ Սպիտակ տան՝ այս երկրներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։ Օգոստոսի 30-ի տվյալով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք է արձանագրվել, 39 մարդ մահացել է։
*****
Եվրանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվել է: Դա տարեսկզբին նախանշված ցուցանիշն էր: «Խոսքը 250 միլիոնից ավելի մարդու մասին է, ինչը լուրջ ձեռքբերում է, վկայություն, որ մենք ի վիճակի ենք համատեղ գործել։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ համաճարակը ավարտված չէ, և մենք պետք է շատ աչալուրջ լինենք»,- Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Մասնագետների գնահատմամբ, սակայն, պատվաստվածների թիվը ԵՄ տարածքում համաչափ բաշխված չէ։ Մալթայում, օրինակ, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 82, Դանիայում` 72, Բելգիայում՝ 71 տոկոսը։ Ռումինիայում, փոխարենը, այդ ցուցանիշը հասնում է ընդամենը 27, իսկ Բուլղարիայում 17 տոկոսի։
*****
Վրաստանում կորոնավիրուսի հաղթահարման հակահամաճարակային նոր սահմանափակումներ կգործեն: Քաղաքային տրանսպորտի գործունեության վրա սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը։ Նախապես ենթադրվում էր, որ երեքշաբաթյա հարկադիր պարապուրդից հետո Թբիլիսիի և մյուս խոշոր քաղաքների հասարակական տրանսպորտը գործունեությունը կվերսկսի սեպտեմբերի 4-ին։ Բացի այդ, վերանայվել է նոր ուսումնական տարվա մեկնարկի ժամկետը։ «Աշակերտներն ու ուսանողները դպրոցներ և բուհեր կվերադառնան ոչ թե սեպտեմբերի 15-ին, այլ հոկտեմբերի 4-ին»,- հայտարարել է Վրաստանի կառավարությունը՝ նշելով, որ մինչ այդ ուսումնական պրոցեսը կկազմակերպվի հեռավար: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի 4778 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդությունից 79 մարդ է մահացել։
*****
Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կստորագրեն երկու երկրի ինտեգման խորացմանը վերաբերող ճանապարհային քարտեզների փաթեթը: Այսօր հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն։ «Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում հանդիպում են նախագահները, կայանալու է Միութենական կառավարության նիստը։ Դրա ընթացքում էլ կստորագրվեն բոլոր ճանապարհային քարտեզները և ինտեգրացիոն գործընթացների խորացման ընդհանուր քարտեզը»,- Վորոնեժ կատարած այցի ընթացքում հայտարարել է Բելառուսի դեսպանը։ Դիվանագետի խոսքով, սակայն, այս պահին առկա է ընդամենը մեկ չհամաձայնեցված փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները պետք է ավարտվեն նախագահների հանդիպումից երկու օր առաջ` սեպտեմբերի 7-ին։
*****
Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանն առաջիկա օրերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։ Հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի փոխհրամանատարը: Նրա խոսքով՝ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ։
*****
Ամերիկացի վերջին զինծառայողը հեռացել է Աֆղանստանից՝ պատերազմի մեկնարկից 20 տարի անց: «Թալիբան» շարժումը տոնում է հաղթանակը: «Թալիբանի» առաջնորդները խոստացել են վրեժ չլուծել օտարերկրյա զորքերից և պատրաստ են գործակցության: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն, թալիբներին պարտադրում է հարգել քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:
*****
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վարում Է պաշտպանական քաղաքականություն և չի պլանավորում զորքեր մտցնել Աֆղանստան: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «Միր-24» հեռուստաալիքի եթերում: «Դրանք բացարձակ անհիմն կասկածներ են: ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանողական ռազմաքաղաքական կազմակերպություն Է: Այն կարող Է կոլեկտիվ պաշտպանողական ուժեր կիրառել սոսկ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմաններում»,- ասել Է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե կազմակերպությունը զորքեր կմտցնի՞ արդյոք Աֆղանստան: