Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Լավրովը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում առաջին այցը Մոսկվա կատարելու համար:
Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով, որը չի կատարում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթները՝ հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն, մշտապես գեներացնելով նոր կեղծ օրակարգեր, հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, մասնավորապես, չի վերադարձնում բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք այս ուղղությամբ ակտիվ երկխոսության: Սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, և դա պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ։ Ցանկանում եմ արձանագրել, որ Բաքուն չի կատարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ: Ավելին՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ Ադրբեջանը բացահայտ սադրիչ գործողություններ է կատարում, որոնք հանդիսանում են անմիջական ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին մենք բախվեցինք մայիսի 12-ին»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: