Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ վճիռը:
Հայցադիմումը ՄԻԵԴ է ներկայացվել 2009-ի դեկտեմբերի 25-ին: Այն վերաբերում է Միքայելյանի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի խաղաղ հավաքներին մասնակցելու համար:
ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Սասուն Միքայելյանի գործի նախաքննության ժամանակ թույլ չեն տվել Միքայելյանի դեմ վկայություն տված վկաներին հրաժարվել դրանցից, Միքայելյանն էլ զրկվել է իր դեմ վկայած անձանց հարցաքննելու և իր անունից վկա կանչելու իրավունքից։ Դատարանը նաև համարել է, որ խախտվել է խոսքի և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։
Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Ներպետական ատյանները սպառելուց հետո նա գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ: