Մանրամեծածախ առևտրի կենտրոններում, դեղատներում ու վարսավիրանոցներում պատշաճ չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեռ նախազգուշացումներ է տալիս, բայց եթե պատկերը չփոխվի, ավելի կոշտ միջոցների կանցնեն.
Լենա Կարապետյան, ԱԱՏՄ ավագ տեսուչ - Սկզբնական շրջանում անհրաժեշտ է, որպեսզի լիարժեք իրազեկվեն, տրվում են նախազգուշացնումներ: Եթե հետագայում տվյալ տնտեսվարողը պարբերաբար չի ենթարկվում հրահանգներին, ունենք պատժիչ գործողություն՝ 100-300.000 դրամ վարչական տույժ:
Որ տնտեսվարողը վարչական տույժի չենթարկվի, պետք է կորոնաիրավիճակի հետ հաշվի նստի: ԱԱՏՄ տեսուչները «Վեգա» առևտրի կենտրոնում մեկ անգամ չէ, բազմիցս են եղել, տնտեսվարողին հիշեցրել՝ հաճախորդներին առանց դիմակի ու ջերմաչափման արգելել խանութ մտնել:
Մի քանի ժամ շարունակ ԱԱՏՄ տեսուչներն առևտրի կենտրոնը բաժին առ բաժին ուսումնասիրեցին, աշխատակիցների հետ զրուցեցին, գրանցամատյանները ստուգեցին, լուրջ խախտումներ չարձանագրեցին: Տեսչականի ավագ տեսուչը նկատում է՝ տնտեսվարողը բարեխիղճ է, հաճախորդն է անտարբեր:
Լենա Կարապետյան - Հիմնական խախտումը հաճախորդների կողմից էր, ինքներդ տեսաք՝ չէին կրում դիմակ:
Հաճախորդի դիմակ չկրելը, չջերմաչափվելը բավարար խախտում է խանութ-սրահին նախազգուշացում տալու, արդեն երկրորդ անգամ՝ տուգանելու համար. պատասխանատվությունը տնտեսվարողինն է՝ հիշեցնում է Լենա Կարապետյանը: ԱԱՏՄ-ն խանութ-սրահում գործող բանկային մասնաճյուղերն էլ ստուգեց ու մի քանի նկատառում արեց:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին 13 օրում մայրաքաղաքում մոտ 1400 մշտադիտարկում է իրականացրել, նախազգուշացրել գրեթե 100 տնտեսվարողի: