Այս սեպտեմբերի մեկը Գանձաքար գյուղի դպրոցականները չեն դիմավորի իրենց հարազատ դարձած պատերի ներքո: Դրանք այլևս հուսալի և անվտանգ չեն, ինչպես և՝ դպրոցի շենքն ամբողջությամբ: Այդ մասին հայտնի դարձավ 3 տարի առաջ, երբ փորձագետների խումբն այցելեց դպրոց:
Անուշ Մեհրաբյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դպրոցը վատ վիճակում էր, մենք մտածում էինք՝ կարիք ունի հիմնանորոգման, բայց 2018-ին Երևանից մասնագետները եղան նաև մեր դպրոցում, փորձանմուշ վերցրին տարբեր պատերից, ճանաչվեց 4-րդ աստիճանի սեյսմիկ վտանգավոր և քանդման ենթակա:
61 տարի առաջ կառուցված շենքը երբևէ հիմնովին չի նորոգվել, մի քանի անգամ մասամբ է նորոգվել: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում» ներառված դպրոցը պետք է քանդվի և տեղում կառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Հատկացվել է 1 մլրդ 882 մլն դրամ: Շինարարության ավարտը 2023-ի ամռանն է: Մինչև այդ ուսումնական գործընթացը կանցկացվի գյուղում հարմարեցված շինություններում, դասապրոցեսը չի տուժի՝ վստահեցնում են դպրոցում:
Անուշ Մեհրաբյան - Տեղափոխվում ենք մշակույթի տուն, կա նաև մասնավորի ճաշարանային տարածք, դասասենյակներ ենք սարքել, միջնապատերով, դասապրոցեսը կկազմակերպվի երկհերթ, բայց մենք պատրաստ ենք ցանկացած դժվարության դիմակայելու: Ստեղծել ենք մինիմալ պայմաններ, որ այդ 2 տարին անցկացնենք, դասապրոցեսը լիարժեք իրականացնենք:
Իսկ այս օրերին դպրոցի եռուզեռը նախատոնական չես անվանի. պետք է հասցնել դպրոցի գույքն ամբողջովին տեղափոխել: Բոլորը՝ ուսուցիչ, աշակերտ, ծնող, յուրաքանչյուր գանձաքարցի իր պարտքն է համարում օգնել ինչով կարող է: Ծանր գործը մերն է, թեթևը՝ աշակերտներինը, ասում են ծնողները․
Հունան Իսկանդարյան (ծնող) - Մեր օգնությունն ենք ցույց տալիս մեր դպրոցին, դա մեր պարտականությունն է:
7-րդ դասարանցի Մովսեսը դասընկերների հետ է, հոգնել չկա, մեծ բեռնատարն արդեն որերորդ անգամ լեցուն էր սեղան-նստարաններով: Մի քիչ տխուր է հին դպրոցի համար, բայց և՝ ուրախ:
Մովսես Մալաքյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտ) - Տխուր ենք, որ էլ դաս չենք անելու հարազատ դարձած շենքում, ուրախ ենք, որ նոր դպրոց են կառուցելու, ավելի ամուր, ավելի լավը:
Ավելի լավ դպրոցի սպասելիք ունեն նաև սահմանամերձ Կիրանցում և Դովեղում: Առաջիկայում այդ երկու գյուղերում ևս կմեկնարկի նոր դպրոցի շինարարությունը: Երեք նոր դպրոցի կառուցումն աննախադեպ է վերջին 30 տարում:
Միսաք Մելքումյան (Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար) - Կիրանցը կմեկնարկի շուտով, երրորդը Դովեղի դպրոցն է, ծրագիրը հաստատված է, հողաշինական աշխատանքից հետո դա ևս կմեկնարկի: Կիրանցում և Դովեղում այլ վայրում կկառուցվի, իսկ Գանձաքարում՝ հնի տեղում նորը:
Նոր ուսումնական տարին ոչ հարազատ հարկի տակ դիմավորելը չի փոխել գանձաքարցիների նախատոնական տրամադրությունը:
Քրիստինե Մարդանյան (Գանձաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Սպասում ենք այս սեպտեմբերի 1-ին, բայց և սպասում ենք 2 տարի հետո մեր երազանքի դպրոցում դիմավորել մեր երեխաներին:
Նոր դպրոցը նախատեսված է 480 աշակերտի համար, առայժմ սովորողները 470-ն են, առաջին դասարանցիների թիվը 54 է, նախորդ տարվա համեմատ՝ գրեթե երկու անգամ ավելի: