Դեռևս օգոստոսի 27-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսած բարձր ջերմային ֆոնն արդեն իրականություն է:
Եթե մինչև այս Հայաստանի ամենատաք գոտիներում գրանցվում էր 33-34 աստիճան, ապա այժմ բարձրացել է 5-7 աստիճանով:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են երեկ Արարատյան դաշտում և Երևանում՝ հասնելով մինչև 38-39 աստիճանի, այսօր 1-2 աստիճանով ջերմաստիճանը բարձրացել է, կհասնի 38-40 աստիճանի:
Իրաքից Հայաստանին են մոտեցել տաք արևադարձային հոսանքներ, ասում է օդերևութաբանը: Տաք հոսանքները մեր երկրում կպահպանվեն մինչև սեպտեմբերի 2-ը: Իրավիճակը մասնագետները գնահատում են բարձր հրդեհային: Սեպտեմբերի 2-ից հետո միայն կտրուկ կզովանա:
Գագիկ Սուրենյան - Ցուրտ ճակատի ներխուժումը կսկսվի սեպտեմբերի 3-ի առավոտյան: Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, եթե հիմա 38-40 աստիճան է, ապա սեպտեմբերի 3-ին հանրապետության ամենատաք գոտիներում, Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 28-30 աստիճանը:
Որոշ շրջաններում կլինեն ամպրոպ, կարճատև անձրև: Սակայն սեպտեմբերի ջերմաստիճանը կլինի նորմային մոտ, դեռ մեկ աստիճանով տաք, կանխատեսում է օդերևութաբանը: Անցնող ամառը, ըստ օդերևութաբանի, անոմալ էր: Այն ամիսներին, երբ պետք է անձրև տեղար, չտեղաց, երբ պետք է անձրև չլիներ, տեղումներ էին լինում: Շոգ ամառը, բարեբախտաբար, լուրջ հրդեհներ չառաջացրեց: Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն անցավ երկհերթ աշխատանքային գրաֆիկի:
Արսեն Սարոյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ) - Ապահովվածության համար հերթապահ անձնակազմի քանակը կրկնապատկեցինք և կանխարգելման աշխատանքներ իրականացրեցինք մարզպետարանների, գյուղապետարանների աշխատակիցների հետ:
Եթե 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա մայիս-հունիսին հրդեհների քանակը կրկնապատկվել էր, ապա հուլիսից արդեն հրդեհների թիվը նվազել է 14 տոկոսով: