Արդեն տեղեկացվել էր, որ ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին։
Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում՝ 2021 թ․ օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավար Վ․ Ու․-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով առաջադրվել է նոր մեղադրանք, այն բանի համար, որ նա, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, խախտելով ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի 286-րդ որոշման 231-րդ կետի պահանջները, հողամասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, սակայն կադաստրային գործին կցելով «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ իբրև թե համապատասխան հայտարարությունն այնտեղ հրապարակվել է, կազմակերպել է հրապարակային սակարկություններ՝ խախտելով հրապարակային սակարկությունների մասին օրենսդրության այն պահանջը, ըստ որի սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի հետ փոխկապակցված անձինք։
Այդ կերպ համայնքի ղեկավարը անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին, և 2006 թ․ հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է նրան։ Նույն թվականի հոկտեմբերի 7-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն։ Դրանից հետո վերջինս ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել բջջային օպերատոր ընկերությանը և մինչև 2021 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ Վ․ Ու․-ն հետագայում որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Նշված քրեական գործով համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թվով 5 հողամասերի վրա կալանք դնելու մասին, համապատասխան գրություններ են հասցեագրվել վերոնշյալ հողամասի վրա ալեհավաքներ տեղակայելու համար վարձակալության պայմանագրեր կնքած կազմակերպություններին՝ մինչև քրեական գործի վերջնական ընթացքի լուծելը վարձակալության գումարների վճարումը կասեցնելու համար։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2021 թ․ օգոստոսի 18-ին դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և այն քրեական գործի հետ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: