Հայաստան մուտք գործող բոլոր քաղաքացիների համար՝ լինեն Հայաստանի, թե այլ երկրների քաղաքացիներ, երկիր մուտքի հատուկ կանոններ են սահմանված:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Ե՛վ ցամաքային, և՛ օդային տարածքով երկիր մուտք գործելու համար անձը կարող է ներկայացնել 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող թեստ կամ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատ:
Օդանավակայանում և ցամաքային սահմանային անցակետերում նույնպես լաբորատորիաներ են գործում: Եթե անձը չի հասցրել մինչև ժամանումը թեստավորվել, ոչ էլ պատվաստված է, կարող է ժամանելուն պես ՊՇՌ հետազոտություն անցնել:
«Զվարթնոց» օդանավակայանում, օրինակ՝ 11 լաբորատորիա է գործում: Որպեսզի քաղաքացին կարողանա օդանավակայանից դուրս գալ, պետք է կամ պատվաստման հավաստագիր ներկայացնի, կամ նախապես արված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ էլ հենց նոր՝ օդանավակայանում արված հետազոտության մասին փաստաթուղթ: Ըստ սահմանված կարգի՝ մինչև թեստի պատասխանը ստանալը ժամանողները պետք է մեկուսանան: Սրա մասին օդանավակայանում զգուշացվում, ստորագրում են, որ տեղեկացված են:
Վահե Անդրյան («Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթափոխի պատասխանատու) - Թեստը հիմնականում 6-12 ժամվա ընթացքում հասնում է:
Տեսչական մարմնի աշխատակիցները հաճախ են քաղաքացիներից դժգոհություններ լսում. ոմանք պարզապես չեն ուզում թեստավորվել, չնայած խոստովանում են, որ պատվաստված էլ չեն: Ոմանք էլ անտրտունջ ենթարկվում են սահմանված կանոններին: