Կոտայքի մարզկենտրոնն այս օրերին մեծ շինհրապարակ է հիշեցնում, Հրազդանի որոշ փողոցներ այս պահին ասֆալտապատվում են, փոխվում է լուսավորության ցանցը, նոր կանգառասրահներ են տեղադրվում: Ընդհանուր առմամբ, համայնքում այս տարի իրականացվում են 8 սուբվենցիոն ծրագրեր:
Համայնքային 1 մլրդ բյուջեն վերջին 3 տարիների ընթացքում կրկնապատկվել է: Ավելացող գումարներն ամեն տարի սուբվենցիոն ծրագրերով ուղղում են Հրազդանի բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Սևակ Միքայելյան (Հրազդան համայնքի ղեկավար) - Վերջին 20 տարիների ընթացքում նման աշխատանք չի իրականացվել, բայց այս մեկ տարվա ընթացքում կատարվում է վերջին 20 տարիների աշխատանքը:
Միկրոշրջան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերում ընթանում են ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքներ:
Սերյոժա Մկրտչյան (Հրազդանի ճանապարհաշինական ձեռնարկության գլխավոր ինժեներ) - Կատարում ենք հիմքի կառուցում, խճային հիմքի, որից հետո մշակում, հետո 6 սմ խոշորահատիկ ասֆալտ-բետոն, հետո՝ 3 սմ մանրահատիկ ասֆալտ-բետոն:
Համայնքում հին 26 կանգառներ փոխարինում են նորերով, դրանք հագեցած կլինեն ժամանակակից տեխնիկայով:
Սևակ Միքայելյան - Կանգառ հասկացություն չկար Հրազդանում, քաղաքացին որ մոտենում ու սպասում էր տրանսպորտին, անգամ նստարան ու տանիք չուներ: Այս կանգառները ժամանակակից կանգառներ են լինելու, փորձելու ենք կանգառներում տեղադրել GPS ու հեռուստացույց, որ քաղաքացին տեսնի, թե տրանսպորտը քանի րոպեից կմոտենա իրեն:
Տիգրան Մեծի, Անդրանիկի պողոտաները և այլ փողոցներ վերջապես լուսավորություն կունենան: Լուսավորության նոր ցանցի երկարությունը կկազմի 13 կմ:
Սևակ Միքայելյան - Նոր սյուներ են տեղադրվում, այսինքն՝ այդտեղ ընդհանրապես լուսավորություն չի եղել, էներգախնայող ԼԵԴ լուսատուներ են, 3 տարի երաշխիք ունեն ու ավելի մեծ տարածություն են լուսավորում:
Շուրջ մեկ ամիս է՝ մեկնարկել են բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, հիմնանորոգվելու է բազմաբնակարան 87 շենքի բակ:
Արամայիս Պողոսյան (Հրազդանի համայնքապետարանի մամուլի քարտուղար) - Այս պահին մեծ թափով իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն խճաքարի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները: Բազմաբնակարան շենքերի բակերի շուրջ 80 տոկոսը այս տարի ասֆալտապատվելու է:
Գրեթե բոլոր բակերում շինարարական եռուզեռ է, եթե այս պահին բակը չեն բարեկարգում, ուրեմն խաղահրապարակ են կառուցում: Այդպես է Վանատուր, Կենտրոն և Հարավային թաղամասերում:
Սևակ Միքայելյան - Հրազդան քաղաքը խաղահրապարակ չի ունեցել, այս տարի 23 նոր խաղահրապարակ է կառուցվելու՝ մինի ֆուտբոլի դաշտով, ԼԵԴ լուսատուներով, այսինքն՝ երեկոյան էլ է լուսավորվելու, զրուցարանով, կարուսելներով ու մարզասարքերով:
Կհիմնանորոգվեն թիվ 4 և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն ու տանիքները: Կվերակառուցվեն նաև համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան տանիքները: Ձեռք կբերվի վակուումային մաքրող բազմաֆունկցիոնալ մեքենա: Շինաշխատանքներին զուգահեռ՝ նախորդ տարիներին կուտակված 550 մլն դրամի պարտքից արդեն մարել են ավելի քան 300 միլիոնը: