Վրաստանում հիվանդանոցները ծանրաբեռնված են: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Նրա խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումների մեղմացման որևէ հիմք դեռ չկա, սակայն ներկայիս տվյալներն իրավիճակի աստիճանական կարգավորման հույս են ներշնչում: Համավարակի չորրորդ ալիքով պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նաև ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Նախատեսվում է, որ ուսումնական գործընթացը կկազմակերպվի հեռավար: Վրաստանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ դպրոցներում ուսումնական գործընթացը հնարավոր չի լինի վերսկսել, քանի դեռ համաճարակային իրավիճակը չի կայունացել: Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում արդեն պատվաստվել է ուսուցիչների շուրջ 40 տոկոսը:
*****
Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորներից մեկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ողջ ընթացքում նրա կողմից ավելի քան 38.500 հայց է ներկայացվել Թուրքիայի քաղաքացիների դեմ՝ «վիրավորելու համար»: Հայցերը ներկայացվել են 2014 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում: Ստացվում է, որ ամեն տարի Էրդողանի կողմից ներկայացվել է շուրջ 6500 հայց: Ուշագրավ է, որ, ըստ վիճակագրության, Էրդողանի կողմից ներկայացված յուրաքանչյուր երրորդ հայցը բավարարվել է: Ըստ թուրքական ընդդիմության՝ Էրդողանն ակտիվորեն օգտագործում է երկրի նախագահին վիրավորելու հոդվածը՝ երկրում այլակարծության դեմ պայքարելու համար:
*****
Աֆղանստանում «Թալիբան» շարժման ձեռքում են հայտնվել Միացյալ Նահանգների Զինված ուժերի թողած ռազմական սարքավորումները և սպառազինությունը՝ ընդհանուր շուրջ 85 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախկին նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների բնակչությունը 320 միլիոն է, ապա ստացվում է, որ երկրի յուրաքանչյուր բնակիչ «Թալիբանի» նպատակների համար հանգանակել է մոտ 265 դոլար:
*****
«Թալիբանն» օգոստոսի 31-ին՝ օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո, մտադիր է լիարժեք վերահսկողություն հաստատել Քաբուլի միջազգային օդանավակայանում: Օդանավակայանի մի հատվածը, որտեղից հետ են քաշվել ամերիկյան ուժերը, արդեն թալիբների վերահսկողության տակ է: Ըստ Al Jazeera-ի՝ «Թալիբանն» այժմ խորհրդակցություններ է անցկացնում Թուրքիայի և Կատարի հետ՝ օդանավակայանի հետագա տեխնիկական կառավարման հարցով: Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել:
*****
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները սեպտեմբերին 2-3-ը նախատեսված հանդիպման շրջանակներում կքննարկեն Աֆղանստանին եվրոպական տնտեսական օգնության ապասառեցման հարցը: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Նրա խոսքով՝ Աֆղանստանին տնտեսական օգնության տրամադրման կարևոր նախապայման է մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը: Ավելի վաղ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիության բյուջեում շուրջ 1 միլիարդ եվրո է նախատեսված՝ Աֆղանստանին 2021-27 թվականներին տնտեսական օգնություն ցուցաբերելու համար:
*****
Թուրքիայում նոր անտառային հրդեհներ են բռնկվել, այս անգամ՝ Դերսիմի նահանգում։ Մոտ երկու շաբաթ է ջանքեր են գործադրվում Դերսիմի Հոզաթ շրջանում բռնկված անտառային հրդեհները մարելու ուղղությամբ, իսկ նոր բռնկված հրդեհների օջախը գտնվում է Օվաջըք շրջանում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև ուղղաթիռներ, սակայն ուժգին քամին նպաստում է կրակի տարածմանը: