Հայաստանից բերված սննդամթերք, խմիչքների լայն տեսականի, զարդեր ու Արցախից բերված գորգեր։ Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցասրահ-համալիրի տարածքում կազմակերպվել էր Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդների ազգային հյուրընկալության փառատոն՝ նվիրված Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակին: Փառատոնին «Հայաստան» տաղավարը ներկայանում է երկու տարվա վերանորոգման աշխատանքներից հետո, բոլորովին նորացված՝ հատուկ Հայաստանից բերված վարդագույն տուֆով։
Արտյոմ Մուսաելյան («Հայաստան» տաղավարի տնօրեն) - Յուրաքանչյուր տաղավարում կարող եք տեսնել տուֆն իր նախշերով։ Հետո վերցրինք Երևանի հայտնի շենքերի բարելիեֆները և այս ութ հատվածում տեղադրեցինք։
Այսօր հայկական տաղավարում ներկայացված է ավելի քան 200 հայ արտադրողի ապրանքատեսականի։ Տաղավարում ներկայությունն օգնում է հայ արտադրողներին մուտք գործել ռուսական շուկա, իսկ «հնաբնակներին»՝ էլ ավելի ամրապնդել իրենց դիրքերը:
Արտյոմ Մուսաելյան - Առաջին հարկն ազատել ենք առևտրից, այն դարձրել ենք տնտեսական հարթակ, որտեղ մեր հայ արտադրողները կարող են գալ և ցուցահանդեսներ կազմակերպել։
Միայն սննդամթերքի տաղավարում ներկայացված է 30-ից ավելի հայ արտադրող՝ պահածոներով, հյութերով, չրերով ու նաև կաթնամթերքով։ Հայկական արտադրության մթերքների ցուցադրությունից բացի, կազմակերպվում է նաև համտեսում։
Արմինե Փանիկյան («Հայաստան» տաղավարի սննդամթերքի բաժնի տնօրեն) - Աշխատում են ամեն կերպ բավարարել շուկայի պահանջները, դրանք և՛ պահածոներն են, և՛ կաթնամթերքը, հյութերը, պանրի որակն է բարձրացել:
«Հայաստան» տաղավարում առանձնացվել է նաև հատուկ տարածք կոնյակի թանգարանի համար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ռուսական շուկային քիչ հայտնի հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը։
Վարդան Հայրապետյան (համտեսի սրահի ադմինիստրատոր) - Բացի վաճառքից, նաև մեծ գովազդ ենք անում, ծանոթացնում ռուս սպառողին հայկական արտադրանքի հետ, շատերը չգիտեն նույնիսկ, որ Հայաստանում գինու և շամպայնի արտադրություն կա։
Հայ արտադրողի հետ կապը, ցուցահանդեսների կազմակերպումն իրականացնում են էկոնոմիկայի նախարարության ու տուրիզմի գործակալության հետ համատեղ։ Ռուսական կողմից էլ միայն մի պահանջ կա՝ շենքի պահպանությունը։ Պետություն - մասնավոր գործակցության առանցքում հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է։