Մեկ դար առաջ, երբ Հովհաննիսյանները Թուրքիայից ներգաղթեցին և Նոր Արմավիր գյուղում հողակտոր ձեռք բերեցին, չէին էլ պատկերացնում, որ ապրելու են հազարամյակների փոշով ծածկված տներով ու գերեզմաններով լի դամբարանադաշտի վրա: Առաջին գերեզմանաքարը՝ ստելան, գտան 35 տարի առաջ՝ տան վերակառուցման ժամանակ: Դրան հաջորդեց կարասում ամփոփված աճյունը, հետո՝ ուրիշները: Իսկ վերջերս՝ հուղարկավորված մի ամբողջ ընտանիք գտան:
Դավիթ Հովհաննիսյան (Նոր Արմավիրի բնակիչ) - Ուզում էի թոնիր կառուցել, փորելու ժամանակ գտա տաճարի քարերը, հրավիրեցի պարոն Հմայակյանին, բացահայտեց, որ տաճարից հետո կարող է գերեզման լինի, գերեզմանում էլ մնացածը գտանք:
Սիմոն Հմայակյանը Նոր Արմավիրի արշավախմբի ղեկավարն է. 8 տարի է՝ պեղումներ է իրականացնում Հովհաննիսյանների այգում, զարմացել է տեսածից:
Սիմոն Հմայակյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Նոր Արմավիրի արշավախմբի ղեկավար) - Նման թաղումներ այս ծիսակարգով՝ ոտ ու գլուխ, երեխաներով, շատ սափորներով, ես ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել:
Աճյունը վերագրվում է Վանի թագավորության ժամանակաշրջանին. հուղարկավորվել է մոտ 2600 տարի առաջ: Ամփոփվածները չորսն են՝ իրենց կահ-կարասիով ու արդուզարդի պարագաներով:
Սիմոն Հմայակյան - Բացառված չէ, որ թաղված են ծնողներն ու իրենց երեխաները: Մանկանց հուղարկավորությունը ունի լուսնի ձև, որը մեզ շատ հետաքրքրում է: Թաղման մեջ դրված է իրենց օգտագործած գույքը, որ, իրենց պատկերացմամբ՝ կօգտագործվեն հանդերձյալ աշխարհում: Իրենց հետ դրված են զարդերը՝ ապարանջաններ և այլն:
Ենթադրվում է՝ ընտանիքը հուղարկավորվել է իր բնակարանի մոտ, քանի որ պեղումների ժամանակ աճյունների կողքին նաև կացարան է հայտնաբերվել: Թաղման պարզ՝ հողային ձևն ու հանգուցյալների մարմինների դիրքը հուշում է՝ մինչև հողին հանձնելը ծիսակարգ է արվել: Իսկ աճյունների հետ թաղած խեցեղենի տեսակից ենթադրվում է, որ ընտանիքը միջին խավից էր:
Սիմոն Հմայակյան - Մի քանի ծիսակարգ ունեին՝ հարուստները թաղվում էին քարայրներում, ավելի պակաս ապահովվածները՝ կարասներում, սափորներում: Սա որպես ամենապարզ տեսակ, բնորոշ էր միջին խավին:
Թե էթնիկ ինչ պատկանելության, սեռի ու տարիքի են եղել մահացածները, ինչ հիվանդություններ են ունեցել, կպարզեն մարդաբանության լաբորատորիայում: Այնուհետև շիրիմը կտեղափոխեն «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան: Իսկ Հովհաննիսյանների տունը, որ 500 մետրի վրա է Արգիշտիխինիլի քաղաքի ավերակներից, կարող է դառնալ զբոսաշրջային նոր ուղղություն: Տան տարածքից հայտնաբերած գտածոները առայժմ բաց երկնքի տակ են: Ցուցափեղկեր ու հատուկ լուսավորություն անցկացնելու համար ընտանիքը միջոցներ է փնտրում: