Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ.-ի հնարավոր ներգրավվածության մասին:
Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց և ուղևորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել և մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի: