Հայաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել համավարակի հետևանքով 2020 թ. արձանագրված անկումից հետո. վերջին ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Դրա մասին են վկայում Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները: Կառույցը յուրաքանչյուր կիսամյակ տնտեսական հետազոտություններ է անցկացնում՝ առկա միտումները պարզելու նպատակով:
Արամ Սաֆարյան (Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող) - 2021 թ. հունիս ամսին մայիսի համեմատ այդ զարգացումները կրում են առաջանցիկ բնույթ:
Հայաստանի համար հավելյալ հնարավորություններ են ստեղծում նաև ԵԱՏՄ անդամ գործընկերների տնտեսական ցուցանիշները: Փորձագիտական ակումբի տվյալներով՝ Ռուսաստանն ու Ղազախստանն արդեն դուրս են եկել մինչհամավարակային ցուցանիշների մակարդակ: ԵԱՏՄ-ի նման կառույցի պարագայում փոքր տնտեսությունները, ինչպիսին է հայկականը, ավելի արագ են զգում դրական ազդակները, հավելում է Արամ Սաֆարյանը:
Արամ Սաֆարյան - Աճում է Հայաստանի թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը: Ընդ որում, արտահանումը աճելու է ավելի մեծ տեմպերով, քան՝ ներկրումը:
2021 թ. ԵԱՏՄ անդամ երկրների համար կանխատեսվում է 3,8 տոկոս համախառն ներքին արդյունքի ընդհանուր աճ: Նախորդ տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ցուցանիշը նվազել էր 2,9 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը ընդհանուր ցուցանիշներից ավելի բարձր արդյունք կարձանագրի՝ համոզված են ակումբի փորձագետները:
Թաթուլ Մանասերյան (տնտեսագետ) - Մենք կանխատեսում ենք Հայաստանի տնտեսության աճ 6,5-7 տոկոս, որը, ցավոք սրտի, չի կոմպենսացնի նախորդ տարվա 8 տոկոսը:
2021 թ. համար Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսել էր 1,4 տոկոս աճ: Այնուհետև, բանկի նախագահը հայտարարեց, որ ցուցանիշն ավելի բարձր է լինելու: Իսկ ֆինանսների նախարարությունը 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում մատնանշել է 3,2 տոկոս սպասելիք աճի ցուցանիշ:
Սակայն, արդեն կիսամյակի արդյունքները վկայում են, որ տնտեսության աճի ծավալը պետական կառույցների պլանավորածից ավելի է լինելու: 2021 թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5,2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: