ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021 թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց:
Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք:
Միջադեպի հետագա զարգացումը կանխելու նպատակով, միջամտել են նաև վերջինիս ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը, նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: