Իսրայելի իշխանությունները չեն ծրագրում խաղաղ բանակցություններ վարել Պաղեստինի ներկայացուցիչների հետ: Հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակի անանուն աշխատակիցը երկուշաբթի The Times of Israel-ին:
«Պաշտպանության նախարար Բենի Գանցի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հանդիպումը նվիրված էր անվտանգության խնդիրներին: Պաղեստինցիների հետ դիվանագիտական գործընթաց չկա և չի լինի»,- մեկնաբանել է պաշտոնյան Գանցի և Աբբասի հանդիպումը:
Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարարը և Պաղեստինի նախագահը բանակցություններ են վարել Հորդանան գետի արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում: Կողմերը քննարկել են անվտանգության քաղաքականությունը, տնտեսական և քաղաքացիական խնդիրներ, գրել է Գանցը Թվիթերում: Նա նաև նշել է, որ Իսրայելը ձգտում է միջոցներ ձեռնարկել Պաղեստինի տնտեսության ամրապնդման համար:
Գանցի և Աբբասի հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնից Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի վերադարձից հետո, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Թերթը նշում է, որ բանակցությունների ընթացքում Բայդենը բարձրացրել է Պաղեստինի հարցը, իսկ Բենեթն իր հերթին խոստացել է աջակցել ինքնավարության կառավարությանն ու տնտեսությանը, սակայն բացառել է աշխատանքն անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ: