Ջուրը հզոր շիթով դուրս է թափվում Արզնի-Երևան վթարված խողովակաշարից։ Առավոտյան պարզվեց՝ բարձր ճնշման մայր այդ ջրատարը նորից հրատապ նորոգման կարիք ունի։ Տարածքը Կորեայի ձորն է․ 4 օր առաջ գրեթե նույն տեղում էին․ այս հատվածում վթարները հաճախակիացել են՝ ասում է դեպքի վայր շտապած «Վեոլիայի» շահագործման տեղամասի պետը։
Գեորգի Գասպարյան («Վեոլիա ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասի պետ) - Մոտ 40 սմ խողովակը տեղաշարժվել է, հնարավոր է՝ սողանք լինի, գրունտի էս հատվածը տեսեք:
Ջրամատակարարների նախնական եզրակացությամբ՝ խողովակը հրում ու դրա թեք անկյուններում եռակցման կարերը բացում է մոտակա ճաքճքած հողաշերտը ամեն անգամ, երբ վերևից փլուզում է լինում, ծանրություն է իջնում։ Մեր նկարահանման պահին էլ քարեր-ավազ թափվեցին, փոշի բարձրացավ։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար «Վեոլիայի» տեխնիկական տնօրենն առաջարկեց տրակտոր բերել, գետն անցկացնել, մաքրել խողովակի համար վտանգ ներկայացնող բլրակները։ Մեկ այլ տարբերակով՝ անհրաժեշտ է լինելու այս հատվածում փոխել ջրատարի դիրքը առնվազն 100 մետր երկարությամբ։
Լեռնիկ Ասատրյան («Վեոլիա ջուր» ընկերության ներդրումային ծրագրի վարչության պետ) - 18 մլն միայն խողովակի գինը կարժենա, աշխատանքն էլ, ամենակոպիտ հաշվարկով, մի 50 տոկոս պլյուս, մի 25 մլն էլի էս մի փոքր հատվածը:
Մինչ ղեկավարությունը տարբերակներ էր քննարկում, խողովակի դատարկվելու հետ ճնշումն «Արզնի-2»-ում պակասեց, ու վարպետների խումբը բացեց վթարված հատվածի պաշտպանիչ շերտը։
Քանի որ գործը, հասկացան՝ կարճ չի տևելու, վթարավերականգնողական խումբը նախապատրաստական աշխատանքը սկսեց՝ մինչև խողովակի ամբողջական ցամաքելը։
Եռակցումն ավարտելուց հետո մոտ 3 ժամ էլ պահանջվում է, որ խողովակը լցվի, ու Արզնիի աղբյուրներից ջուրը մայրաքաղաք, հիմնականում՝ Արաբկիրի սպառողներին հասնի։