Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական հոգածության մի շարք կազմակերպությունների, Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և այլ պետական աշխատողները, ինչպես նաև ՀՀ ժողովրդական պատվավոր կոչմանն արժանացած անձինք։
Սոցփաթեթը հատկացվում է սոցիալական կարիքների բավարարման, աշխատողների մոտիվացման և պետական հատվածում աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացման նպատակով:
Սոցփաթեթի շահառուն իրեն տրամադրված միջոցները հնարավորություն ունի ծախսելու հետևյալ ուղղություններով՝
-
ուսման վճարի մարում.
-
հանգստի ապահովում (ՀՀ և ԱՀ տարածքում).
-
հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.
-
առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերում:
Այս ուղղություններով ծախսելուց բացի, սոցփաթեթի հաշիվներին կուտակված գումարը կարող են կանխիկացվել հետևյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումարներ չեն փոխանցվել.
2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ.
3) որպես կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում։ Այս դեպքում աշխատողի սոցփաթեթի հաշվին կուտակված գումարն ամբողջությամբ չի կարող կանխիկացվել, շահառուն իրավունք ունի կանխիկացնելու միայն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների ընդհանուր չափը:
Այս տարբերակով կանխիկացնելուց հետո սոցփաթեթի հաշվում առկա մնացած գումարը շահառուն կարող է օգտագործել ուսման վճարի, հանգստի ապահովման, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, առողջության լրացուցիչ ապահովագրության ծառայությունների ձեռքբերման ուղղություններով:
Սոցփաթեթի շրջանակում հատկացվող գումարից շահառուն, ցանկության դեպքում, կարող է փոխանցումներ անել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին: