ՀԻՆԳ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՔԱԲՈՒԼԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ
Երկուշաբթի առավոտյան հինգ հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի վրա: Հարձակումը հետ մղելու համար ամերիկյան զինուժն օգտագործել է հակահրթիռային պաշտպանության համակարգ: Առայժ պարզ չէ՝ արդյոք բոլո՞ր հրթիռներն են խոցվել: Ճշտված չեն նաև զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները: Պենտագոնը նշում է, որ ամերիկյան կողմը զոհեր չունի, սակայն տեղեկություններ կան աֆղանստանցի խաղաղ բնակիչների զոհվելու մասին: Պարզ չէ նաև, թե ովքեր են հրթիռակոծությունն իրականացնողները: Ենթադրվում է, որ հարձակման պատասխանատուները դարձյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական ստորաբաժանման գրոհայիններն են: Դեռևս շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ ռազմական հրամանատարությունը 24-36 ժամվա ընթացքում նոր ահաբեկչություն է ակնկալում Քաբուլի օդանավակայանի տարածքում: Ամերիկացիներին խորհուրդ է տրվել լքել այդ շրջանը: Օգոստոսի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 200 աֆղանստանցի և 13 ամերիկացի զինծառայող: Կիրակի՝ օգոստոսի 29-ին էլ, ամերիկյան ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով Քաբուլում հարվածել են պայթուցիկներով բեռնված մեքենային, որի օգնությամբ «Իսլամական պետության» զինյալները մտադիր էին ահաբեկչություն իրականացնել: Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկյան ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել է երկու մեքենա և մասամբ ավերվել բազմաբնակարան շենքը, զոհվել է 9 մարդ:
ՏԱՐՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Քաբուլի հրթիռակոծությունից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ տարհանման գործընթացը շարունակում է: Թալիբներն էլ հույս են հայտնել, որ շուտով միջազգային ստորաբաժանումների լրիվ հեռացումից հետո Քաբուլի օդանավակայանն էլ ամբողջությամբ կանցնի իրենց հսկողության տակ: Օգոստոսի 28-ին Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովն ասել էր, որ թալիբները Թուրքիան և Կատարը դիտարկում են որպես երկրներ, որոնք կարող են տեխնիկապես ղեկավարել Քաբուլում գտնվող օդանավակայանը:
ՓՈԹՈՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԻԶԻԱՆԱՅՈՒՄ
4-րդ աստիճանի «Իդա» փոթորիկը հասել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի ափերը: Առնվազն 300.000 բնակիչ հոսանքազրկվել է: Նահանգային իշխանությունները մտավախություն ունեն, որ ներկա փոթորիկն իր հզորությամբ գերազանցելու է 2005 թվականի «Կատրինա» փոթորկին, երբ Նոր Օռլեանի գրեթե ամբողջ տարածքը ջրի տակ էր անցել, զոհվել էր ավելի քան 1800 մարդ: Վնասը գերազանցել էր 100 մլրդ դոլարը:
Այս աղետի ժամանակ քամին շարժվում է ժամում 240 կմ արագությամբ: Լուիզիանայի ավելի քան 320 կմ երկարությամբ ափամերձ գոտում գործում է տարհանման նախազգուշացում: Աղետի հետևանքով մոտ մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ամբողջությամբ հոսանքազրկվել է նահանգի ամենախիստ բնակեցված քաղաքը՝ Նոր Օռլեանը: Ստացվել է առաջին զոհի մասին լուրը: Առաջիկա 24 ժամում սպասվում են փոթորկի նոր հարվածներ: Աղետը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, Ալաբամա, Միսիսիպի և Ֆլորիդա նահանգներում փոթորկի վտանգ է հայտարարվել:
ՀՐԴԵՀ ՄԻԼԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ
Հրդեհ է բռնկվել Միլանի հարավային շրջանի բազմաբնակարան շենքում: Կրակը սկսել է տարածվել շենքի 15-րդ հարկից և վնասել ամբողջ շենքը: Բարեբախտաբար հաջողվել է տարհանել բոլոր բնակիչներին, տուժածներ չկան: Կրակից վնասվել է նաև շենքի մոտ կայանած մոտ 20 մեքենա: Հրդեհի պատճառն առայժմ պարզ չէ: Հրշեջները շարունակում են կրակի դեմ պայքարը վերին հարկերում: