2021 թ․ առաջին կիսամյակի ՀՆԱ ցուցանիշները դրական են, ընդհանուր աշխատատեղերի թվաքանակի դինամիկան 2019-2021 թթ․՝ ևս, բայց անելիքները շատ են, որպեսզի մարդիկ Հայաստանում ստանան լավ աշխատավարձ, որպեսզի շատ մարդիկ ստանան լավ աշխատավարձ:
Այդ մասին գործարարների և արդյունաբերողների հետ հանդիպմանը կառավարության տնտեսական ծրագիրը ներկայացնելիս նշեց Էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյան (էկոնոմիկայի նախարար) - Փորձելու ենք տնտեսության կառուցվածքը փոխել, հիմա սպառողական է, դարձնելու ենք ներդրումային, ՀՆԱ - ներդրումներ հարաբերակցությունը հասցնել 25 տոկոսի, հիմա մոտ 15 տոկոսի վրա ենք, օտարերկրյա ներդրումներ - ՀՆԱ-ն հասցնել 6 տոկոսի:
Օժանդակություն է տրամադրվելու ընկերությունների թվայնացմանը, որ լինեն ավելի հասանելի:
Վահան Քերոբյան - Հայաստանում գործող ընկերությունների 91 տոկոսը թվային առումով հասուն չէ, իր պրոցեսների մեջ ձեռքի մեծ աշխատանք կա, ընկերությունների ներքին պրոցեսների թվայնացմանը օգնելու է կառավարությունը, որ հնարավորինս շատ թվայնացվեն ու դառնան մրցունակ:
Կառավարությունը ԿԲ-ի հետ աշխատում է նաև գնաճը զսպելու ուղղությամբ, նշում է Քերոբյանը, շեշտում՝ ուշադրության կենտրոնում սպառողական զամբյուղում կարևոր կշիռ ունեցող ապրանքներն են:
Վահան Քերոբյան - Անընդհատ վերլուծում ենք, թե որոնք են գնաճի դրայվեր հանդիսացող ապրանքները իրենց կշռով սպառողական զամբյուղի մեջ, և փորձում ենք առանձնահատուկ վերաբերմունք ունենալ: Խոսքը գնում է մաքսային քվոտաների կիրառմանը կամ իմպորտափոխարինելիության ծրագրերի ներդրմանը: Մենք և ԿԲ-ն ակտիվ աշխատում ենք, որ կարողանանք զսպել գնաճը:
Գործարարներն ու արտադրողները ևս մի շարք մասնավոր հարցեր ունեին: Նախարարն անդրադարձավ բոլորին, որոշ հարցերի պատասխանը տեղում տրվեց, մի մասի դեպքում պետք է ուսումնասիրություն, մի մասի դեպքում առանձին հանդիպում նշանակվեց: Գործարարների առաջարկն է՝ այսպիսի հանդիպումները որոշակի պարբերականությամբ կազմակերպվեն, նաև՝ այլ նախարարների մասնակցությամբ ոլորտային հարցերը քննարկեն:
Վահան Քերոբյան - Կարծում եմ ինչ-որ ֆորմատ կմտածենք, որպեսզի ավելի խոշոր բիզնեսները հնարավորություն ունենան պարբերական հանդիպումների ընթացքում ոլորտներին առնչվող հարցերը բարձրացնել ու լուծում ստանալ:
Ավելացնում է՝ չնայած երկխոսության պակաս այսօր էլ չկա, բայց այսպիսի հանդիպումների պահանջը միշտ կա և միշտ ավելի արդյունավետ է դարձնում գործընթացը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան