Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ըստ դատախազի՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով նախատեսված հանցագործությանը: Բարձր դատարանը, հիշեցնենք՝ հակասահմանադրական էր ճանաչել ամբաստանյալներին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց 2 մլրդ դրամ գրավը կամ նվազեցնել այն։ Բողոքի քննությունը կշարունակվի սեպտեմբերի 15-ին: