Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը:
ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու պետական առաքելության մեջ:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները:
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում:
Քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը: