Երբ դժվարին պահերին թվում է, թե բոլոր պարերը պարված են, միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք մի գաղափարի շուրջ համախմբում են կարող ուժերին ու ստեղծում իսկական մշակութային հրավառություն:
Մոտ մեկ շաբաթ «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային փառատոնը հանդիսատեսին կարողացավ տանել արվեստի խոստումնալից ճանապարհով:
Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում բեմադրված «Սև այգի» խորեոգրաֆիկ ստեղծագործությամբ է մեկնարկել պարի առաջին փառատոնը: Սա ուղերձ է՝ ուղղված աշխարհին, որ պատերազմը ուրիշինը չի լինում:
Ռուս խորեոգրաֆ Վալերիա Կասպարովան հավատում է՝ պարի լեզուն հասկանում են բոլորը՝ առանց ազգային պատկանելության, այն լույս է, որը պետք է միշտ վառ պահել ուրիշներին ևս լուսավորելու համար:
Վալերիա Կասպարովա (խորեոգրաֆ) - Սա շատ կարևոր ներկայացում է ինձ համար: Այն պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին: Զարմանալի է, բեմադրության ժամանակահատվածը համընկավ 44-օրյա պատերազմի հետ, և իմ խնդիրն էր ներդնել ներկայացման մեջ այն ամենը, ինչ զգում էի: Իմ նպատակն էր ներկայացման միջոցով հանդիսատեսին հասցնել պատմական իրողությունները, և կարծես թե ստացվեց: Ռուսաստանում ներկայացումից հետո մարդիկ մոտենում էին ու հարցնում, թե հակամարտության մասին խորքային տեղեկատվություն որտեղից կարող են գտնել և, վերջապես, ինչպես կարող են օգտակար լինել:
Վարպետության դասեր, հանդիպումներ լավագույն արտիստների հետ, քննարկումներ, դասախոսություններ և, իհարկե, պարեր ու պարեր: «Սամմիթը» ոչ միայն փառատոն է, այլև մասնագիտական հմտությունների, մտքերի ու գաղափարների փոխանակում, ինչպես նաև պորտալար աշխարհի հետ, հայկական ու միջազգային պարախմբերի գործակցության հրաշալի հնարավորություն: Այն իրականացվում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Վալերիա Կասպարովա - Մեր մասնակցությունը փառատոնին կարևոր էր, և մեր խնդիրն է ցույց տալ ժամանակակից պարի բազմազանությունը, ինչպես նաև ցուցադրել ժամանակակից հայկական պարը:
Ժամանակակից պարի փառատոնն անցկացնելու և միջազգային բազմաթիվ պարախմբերի առաջ իր դռներն է լայն բացել Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիան: Կարճ ժամանակում միջոցներ են հայթայթել և վերջապես բավականին չարչարվել՝ ներկել ու փոփոխել, կահավորել ու տեսքի են բերել ոչ միայն դահլիճը, այլև պրոֆեսիոնալ պարի պահանջներին են համապատասխանեցրել նաև բեմը:
«Սամմիթը» կդառնա այցեքարտային հեղինակավոր փառատոն՝ համոզված են գաղափարի հեղինակները, այն տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ ու հաղթաթուղթ է հանդիսանալու դեպի համաշխարհային մեծ բեմեր: Օպերային ստուդիան այսքանով չի սահմանափակվում, նոր նախագծերն առջևում են:
Որքան կայացած արտիստներ համաշխարհային բեմերում, այդքան շատ կհնչի Հայաստանի անունը: Շնորհալի երիտասարդները շատ են, իսկ հայկականը տարածելու լավագույն միջոցներից մեկը հզոր մշակութային ժառանգությունն ու տաղանդավորներին աշխարհին ներկայացնելն է:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան