Այսօր՝ օգոստոսի 30-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն։
Հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ։ ԱԻՆ-ը համագործակցում է մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ ոռոգման համակարգերի խնդրի կարգավորման, դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ տանող ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով արտապլանային վարժանքներին, որոնք իրականացվել են հանրապետության 21 համայնքներում: Օգոստոսին անցկացվել են 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ՝ 1 համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք, ինչպես նաև տարբեր թեմաներով 3 դասընթաց։ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային ուսումնավարժություն, 1 ցուցադրական և 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների պետերը:
ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել ուժեղացված ծառայությունը, որպեսզի հնարավոր հրդեհների դեպքում արագ արձագանքումը չուշանա՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Նախարարը նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին հորդորել է վարժանքներն անցկացնել իրականին մոտ սցենարներով, պարբերաբար փոխել խնդիրները, ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնելու, ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը գլխավոր փորձից հետո առանձնացրել և հանձնարարել է շտկել վարժանքի որոշակի դետալներ: