Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով արդեն հաստատվել են մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտաձևը:
Մասնակցության պայմանները
Հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի համապատասխան թույլտվություն։
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնությունների: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով:
Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:
Մեկնարկը
Մրցաշարը մեկնարկելու է Շորժա համայնքից ժամը 13:00-ից։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից մեկ ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով և բժշկի համապատասխան թույլտվությամբ: Հեծանվավազքը կանցկացվի մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (տարածքը՝ 40 կմ), և երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Պահանջվող պայմաններին չհամապատասխանողների մասնակցությունը չի թույլատրվելու:
Նշենք, որ մրցաշարի մասնակիցների անվճար տեղափոխումը կկազմակերպվի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 7:45-ից, «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանից: Վերադարձը Սևանի կայարանից՝ ժամը 19:00-ին:
Պարգևատրում
Հեծանվավազքի արդյունքները կամփոփվեն մրցման ավարտից անմիջապես հետո: 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։
Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։ Բացի դրանից, բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկներ և հավաստագրեր: