Երկուշաբթի առավոտյան հինգ հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի վրա, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյայի:
Ըստ հեռուստաալիքի զրուցակցի՝ հարձակումը հետ մղելու համար ամերիկյան զինուժն օգտագործել է հակահրթիռային պաշտպանության համակարգ: Առայժմ պարզ չէ՝ արդյոք բոլո՞ր հրթիռներն են խոցվել: Ճշտված չեն նաև զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները: Պենտագոնը նշում է, որ ամերիկյան կողմը զոհեր չունի, սակայն տեղեկություններ կան աֆղանստանցի խաղաղ բնակիչների զոհվելու մասին:
Պարզ չէ նաև, թե ովքեր են հրթիռակոծությունն իրականացնողները: Ենթադրվում է, որ հարձակման պատասխանատուները դարձյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական ստորաբաժանման գրոհայիններն են:
Դեռևս շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ ամերիկյան ռազմական հրամանատարությունը 24-36 ժամվա ընթացքում նոր ահաբեկչություն է ակնկալում Քաբուլի օդանավակայանի տարածքում: Ամերիկացիներին խորհուրդ է տրվել լքել այդ շրջանը:
Օգոստոսի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 200 աֆղանստանցի և 13 ամերիկացի զինծառայող:
Կիրակի՝ օգոստոսի 29-ին էլ, ամերիկյան ուժերը անօդաչու թռչող սարքի միջոցով Քաբուլում հարվածել են պայթուցիկներով բեռնված մեքենայի, որի օգնությամբ «Իսլամական պետության» զինյալները մտադիր էին ահաբեկչություն իրականացնել:
Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկյան ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել է երկու մեքենա և մասամբ ավերվել բազմաբնակարան շենք: Ինչպես հաղորդում է CNN- ը, զոհվել է 9 մարդ: