Առաջիկայում ստեղծվելիք 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցը դեռ չի քննարկվել:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ ԼևոՆ Շիրինյանը, որը, ի թիվս արտախորհրդարանական այլ ուժերի, վարչապետ Փաշինյանի հետ ամենամսյա հանդիպումներ է ունենում, առաջիկա նիստում պատրաստվում է անդրադառնալ այդ հարցին:
Լևոն Շիրինյան (Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ) - Եթե մենք որպես հասարակության մի զգալի հատվածի ներկայացնողներ պետք է որ ներկա լինենք, կարծում եմ՝ մենք այնտեղ կգտնենք լուծում, ես կատեգորիկ ոչինչ չեմ ասում, ինձ կբավարարի, եթե իշխանությունն ասի, թե ինքն ինչ է անելու և ում է ներկայացնելու:
Արտախորհրդարանական ուժերի մասնակցության անհրաժեշտության մասին խոսել են իշխանական տարբեր պաշտոնյաներ, իսկ խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկմանը թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով արտախորհրդարանական ուժերի և զոհերի ու անհետ կորածների հարազատների մասնակցությունը այդ հանձնաժողովի աշխատանքներին։ Պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը ավելի վաղ էր պետք սկսել, ասում է՝ իշխանության նախաձեռնությունը դրական գնահատող Լևոն Շիրինյանը:
Լևոն Շիրինյան - Էդ հանձնաժողովն ի՞նչ հարց է լուծելու. երկուսը՝ իրականում եղե՞լ է դավաճանություն, թե՞ չէ, երկրորդ՝ եղե՞լ է ոչ պրոֆեսիոնալիզմ և անկազմակերպվածություն, եթե՝ այո, ապա ինչո՞ւ, ինչո՞ւ բանակը 30 տարում չի կազմակերպվել այնպես, ինչպիսին պետք էր ցեղասպանություն տարած ժողովրդի համար:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստանը» ևս մասնակցության հետ կապված որևէ քննարկում իշխանության հետ չի ունեցել: Գևորգ Գորգիսյանը հիշեցնում է իրենց՝ դեռ նախորդ խորհրդարանում արած առաջարկը՝ 44-օրյա պատերազմը պետք է ուսումնասիրվի, բայց ոչ թե քննիչ հանձնաժողովում, այլ պարիտետային:
Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ) - Եթե մենք պետք է գնանք ուղղակի դիտորդի կարգավիճակով, նստենք, նայենք՝ ինչ է կատարվում, որևէ կերպ չմասնակցենք էդ քննարկումներին, եզրահանգումներին, իմաստը ո՞րն է դիտորդի կարգավիճակում լինել՝ չեմ հասկանում: Այն կազմով, որ ուզում են ստեղծել, լինելու են պատերազմի պարտության բոլոր մեղավորները՝ սկսած նախկիններից, վերջացրած ներկաներով: Նախկիններն իրենց բաժինը չեն արել, նորերը իրենց բաժինը չեն արել՝ երկիրը պատերազմի պատրաստելու համար:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը շեշտում է՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը ծնվել է վարչապետի և արտախորհրդարանական ուժերի համատեղ հանդիպումների ժամանակ, և իշխանությունը հանձնառություն է ստանձնել արտախորհրդարանական ուժերին ևս ներգրավել:
Արման Բաբաջանյան («Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար) - Այսօրվա Ազգային ժողովի սովորական ընթացակարգը քննիչ հանձնաժողով ստեղծելու թույլ չի տա արտախորհրդարանական ուժերը ներգրավվեն, թեև պատմությունից հիշում եմ՝ նման հանձնաժողով կար Մարտի մեկին, որում ներգրավված էին նաև արտախորհրդարանականներ (նկատի ունի Սամվել Նիկոյանի հանձնաժողովը): Լավ կլիներ՝ իշխանությունը այս օրինակը վերցներ, նախադեպ կա:
Բաբաջանյանը կարծում է, որ հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն բուն պատերազմը, այլև դրան նախորդող ժամանակահատվածը:
Արման Բաբաջանյան - Օրինակ՝ այդ հանձնաժողովը կքննարկի մեր արտաքին քաղաքական տապալումները, որոնք հասցրեցին պատերազմի, մենք մինչև ուր պետք է կարողանանք հետ գնալ՝ 15, 20, 30 տարի: Հո չե՞նք քննարկի բուն պատերազմի ընթացքը, ինձ, օրինակ՝ էն պատճառներն են հետաքրքիր, որն անխուսափելի դարձրեց պատերազմի մեկնարկը:
Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ կմասնակցի՞ հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ: