Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ:
Նպատակը եկամտային հարկի վերադարձի ժամկետի էական կրճատումն է, նաև վարչարարության բարելավումը:
Հարթակի ներդրման արդյունքում շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ։ Հաջորդող 3 ամիսը մեկ անգամ միայն էլեկտրոնային եղանակով դիմում կգրեն հարկային մարմնին:
ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանի խոսքով՝ վերջին տարիներին եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկ վերցրած շահառուների թիվը բավականին աճել է՝ հասնելով 16 հազարի:
Հրաչյա Մուրադյան (ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ) - Շահառուների աննախադեպ աճը սպասարկել չէր լինում առանց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման: Սրանով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն իր ռազմավարական ծրագրում նախատեսված միջոցառումների մեջ նախատեսել է հիփոթեքային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակի ստեղծումը:
Հարկ վճարողին տրամադրվելու է հնարավորություն՝ էլեկտրոնային գաղտնաբառ և ծածկագիր ստեղծելու և ունենալու իր անձնական էլեկտրոնային գրասենյակ մուտք գործելու հնարավորություն: Դրանով հարկ վճարողը արդեն հնարավորություն է ունենալու էլեկտրոնային եղանակով ուղղակի գեներացնել դիմում յուրաքանչյուր եռամսյակի համար և այդ դիմումը գեներացնելուց հետո ստանալ իր եկամտային հարկի գումարները:
«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանը նախատեսված փոփոխությունը դրական է գնահատում:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ) - Պահանջը իսկապես էլ կար: Լավ է, որ այդպիսի փոփոխություններ է Պետական եկամուտների կոմիտեն կատարում: Ներկայումս մասամբ է էլեկտրոնային կատարվում, բայց դա լավագույն տարբերակը չէ, և շատ լավ է, որ առանձին հարթակ է ստեղծվում:
Բադալյանի կարծիքով՝ եկամտահարկի վերադարձի ժամկետի կրճատումը լավ է, բայց ավելի լիարժեք կլիներ, եթե քաղաքացին ամեն անգամ դիմելու կարիք չունենար եկամտային հարկի վերադարձի համար, եթե նույնիսկ դա էլեկտրոնային եղանակով է անելու:
Էդուարդ Բադալյան - Մարդը, որ գնացել է այդ գործարքին, հիփոթեքային վարկ է վերցրել, գրանցվել է, որպեսզի եկամտային հարկը հետ ստանա, ողջամիտ չէ եզրակացնել, որ նա կարող է չցանկանալ հետ ստանալ դա:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանձնարարությամբ, մինչ էլեկտրոնային հարթակի գործարկումը, հոկտեմբերի 1-ից շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը կուսումնասիրվեն, և գումարների վերադարձը կիրականացվի կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից:
Արմինե Հովսեփյան (ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - Հորդորում եմ և խնդրում եմ մեր շահառուներին, որպեսզի դիմումները և տեղեկանքները ներկայացվեն բացառապես այն դեպքում, երբ իրենց գործատուները ներկայացրել են եկամտային հարկի հաշվարկները և վճարել են:
Նշենք, որ էլեկտրոնային հարթակը նախատեսվում է գործարկել 2022 թվականի հունվարի 1-ից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան