Մինչև Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկը հնարավոր է՝ ստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան - Երբ ստորագրությունները կհավաքվեն, իսկ քանի որ կառավարության և՛ ծրագրում, և՛ նաև «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարություն է եղել, կարծում եմ՝ մինչ քառօրյա նիստերը այդ խնդիրը լուծում կստանա:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ Պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ և նշել՝ գուցե ընտրվի այլ ձևաաչափ, որում կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը:
Անդրանիկ Քոչարյան - Մյուս ճանապարհը. եթե ոչ քննիչ հանձնաժողով, մյուս ճանապարհը կլիներ օրենքի ընդունում այլ ձևաչափով հանձնաժողով ստեղծելու մասին, բայց քանի որ շարժվում ենք Սահմանադրությամբ, այլ ձևաչափ գոյություն չունի: Բնականաբար, կլինի քննիչ հանձնաժողով:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար 2019-ի ամռանը ստեղծված և մոտ մեկուկես տարի աշխատած հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանը շեշտում է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար պետք է ընդլայնել փորձագետների կազմը:
Անդրանիկ Քոչարյան - Պատկերացրեք՝ Քառօրյա պատերազմի ժամանակ ինչ ծավալի աշխատանք էր, իսկ այստեղ մի շարք ուղղությունների հարգված մասնագետների կարիք է զգալու հանձնաժողովը, ընդհուպ՝ արտաքին գործերի, արտաքին քաղաքականության, որովհետև, վերջին հաշվով, ունենք հրադադարի ռեժիմը հաստատող փաստաթուղթ, իսկ դրանից առաջ ունեցել ենք 44-օրյա պատերազմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ընդգծել էր, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ոչ միայն պատերազմի բուն շրջանի դեպքերը, այլև դրան նախորդող ժամանակաշրջանը: Թե որ փուլից պետք է ուսումնասիրությունը սկսի հանձնաժողովը՝ դեռ պարզ չէ: Անդրանիկ Քոչարյանը նշում է՝ ապրիլյան պատերազմի զեկույցը պատրաստելիս արդեն իսկ մի շարք հարցեր ուսումնասիրել են:
Անդրանիկ Քոչարյան - Էնտեղ էլ, չէ՞, բանակին առնչվող բազմաթիվ ուսումնասիրություններ են, և մենք դա արել ենք: Հիմա այստեղ որ կետից կգանք և, իմ խորին համոզմամնբ, այս պարտությանը քայլ-քայլ եկել ենք Հոկտեմբերի 27-ից հետո, և հանձնաժողովը կորոշի՝ որ կետից ենք սկսում:
Ամիսներ շարունակ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնող ընդդիմության գնահատմամբ՝ իշխանությունը չէ, որ պետք է նախաձեռնի ու ղեկավարի հանձնաժողովը; Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չի հրաժարվի ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներում:
Անդրանիկ Քոչարյան - Ես լավ չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է բոյկոտել մի հանձնաժողովի աշխատանք, որտեղ իրենք ունեն լիարժեք մասնակցելու, իրենց ուզած փաստաթղթերին ծանոթանալու և տեսակետերը հնչեցնելու իրավունք: Տրամաբանական չէ, իրենք անպայման կմասնակցեն:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ունի 11 անդամ, որից 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ից, 8-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից»:
Խորհրդարանական ընդդիմությունից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը «Լուրեր»-ին փոխանցեց, որ, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ իրենց կարծիքով իշխանությունը մեղսակից է, ուստի չի կարող քննել պատերազմի հանգամանքները:
Իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ընդգծեց՝ դեռ քննարկում են, որոշում չունեն: