Բողկը գրիչից է ծլել՝ թանաքը վերջանալուց հետո։ Հայկական արտադրություն է․ հենց այդպես էլ կոչվում է՝ աճող էկո-գրիչ։
Շուշան Մակարյան («Էլբակյան» ընկերության աշխատակից) - Գրիչը վերջանալուց հետո մենք կարող ենք դնել հողի մեջ, իրենք աճելու են։ Էստեղ մեր ունենք ցանված գրիչներ՝ մեր բազուկն է, բողկը, բոլոկին:
Կարող է նաև գազար կամ քրիզանթեմ աճել, նայած թե ինչ սերմեր կլինեն գրիչի ծայրին դրվող պարկուճի մեջ։ Հողում տնկելուց-ջրելուց հետո թուղթն աստիճանաբար քայքայվում է, կանաչը՝ փարթամանում; Արդյունքում, ի տարբերություն սովորական գրիչների, ունենում ենք պլաստիկի նվազագույն թափոն, նվազագույն վնաս շրջակա միջավայրին՝ բնապահպանական իրենց գույնզգույն գաղափարն են ներկայացնում Էլբակյան ընկերությունում։
Արթուր էլբակյան (eco pen-ի հիմնադիր տնօրեն) - էդ բանաձև է դնում մանավանդ երեխաների մոտ, որ ավելի խնայողաբար մոտենան բնությանը. եթե ինչ-որ բան ես վերցրել, պետք է նաև տաս:
Առաջին պարզ թղթե գրիչներն այստեղ 7 տարի առաջ են սարքել։ Այդ ժամանակ չէին էլ մտածել, որ գործընկեր ֆիրմաներից մեկի համար պատրաստած գովազդային նվերը շուկայում մեծ պահանջարկ կունենա ու ընտանեկան բիզնես կզարգացնի։ Պատվերները շատացան, երբ վարչապետն ու նախարարները սկսեցին դրանով գրել՝ անկեղծանում է «էկո-փենի» հիմնադիրը։
Արտակ էլբակյան - Մեզ մոտ բեկումնային դարձան ծավալները, երբ Կառավարության համար պատրաստեցինք: Դրանից հետո ծավալներն աճեցին:
Արթուր էլբակյան - Ոգևորիչ է, որ ՀՀ կառավարությունն օգտվում է մեր պատրաստած գրիչներից:
Մարքեթինգային մյուս «ձիով քայլը» ևս միամիտ է ստացվել։ Ով կմտածեր, որ դպրոցականն ավելի պարտաճանաչ տնային կգրի, երբ գրիչն անվանական է։
Արտակ էլբակյան - Մենք պատրաստել էինք գրիչ մտերիմի երեխայի անունով, հետո ասաց, որ երեխան էդ գրիչի հետ քնում-զարթնում է, դրանով դաս է սովորում:
Բարեկամի հուշումից հետո ընկերության սոցցանցային էջերին ավելացան աշակերտների անուններով գրիչ պատվիրողները։ Առաջին անգամ Թումանյանի տուն-թանգարանում «Շունն ու կատուն» է տեսել, ասում է սեպտեմբերին ընդառաջ երեխայի անակնկալը վերցնելու եկած Անին։
«Էկո-փենի» պահանջված նմուշների շարքում․․․ տարբեր մաղթանքների, հումորային գրառումների կողքին մեր նկարահանման պահին նաև Հանրայինն ավելացավ։ Տպագրությունից հետո մնացած ամբողջ աշխատանքը ձեռքով է արվում։ Տեխնոլոգիան գաղտնի են պահում․ պատրաստման պրոցեսից կարելի է միայն դետալներ ցույց տալ։ Գործն, ըստ վարպետ Աշոտի, իր բարդությունն ու նրբություններն ունի․․․
Աշոտ էլբակյան - Օրը քանի գրիչ կարելի է պատրաստել. 30 հատի կարգի, ոչ ավել: Շատն արդեն դեֆեկտի է բերում:
Որպես արտադրղ՝ շուկայում արդեն միակը չեն։ Արտահանման ուղղությամբ դեռ չեն մտածում, չնայած ասում են՝ գիտեն, որ որոշ գնորդներ հայկական իրենց hand-made էկո-գրիչները Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, մինչև իսկ չինական հիերոգլիֆներ դաջված՝ Պեկին են հասցրել: