Արդեն 10-րդ օրն է՝ տեսչական մարմիններն ուժեղացված ստուգայցեր են իրականացնում՝ պարզելու, թե ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:
Հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներն են ստուգել Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները՝ արձանագրելով դիմակի համատարած բացակայություն:
Հանրային տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի պետ) - Վարչական արձանագրությունները հիմնականում կազմվում են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Առայժմ ուղևորների նկատմամբ վարչական արձանագրություններ չեն կազմվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս 10 օրվա ընթացքում փորձում էինք իրականացնել որոշակի իրազեկման, բացատրական աշխատանքներ, որ ուղևորները գիտակցեն պահի լրջությունը և դիմակ կրեն:
Սակայն այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ դեռ կան ուղևորներ, որոնք համառորեն դիմակ չեն կրում: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է եկել, որ առաջիկայում պատասխանատվության խիստ միջոցներ կիրառենք հանրային տրանսպորտից օգտվող այն ուղևորների նկատմամբ, որոնք առհասարակ դիմակ չեն կրում: