Շիրակի մարզային գրադարանում տեղի է ունեցել գերմանա-ամերիկյան գրող, լրագրող Լոիզ ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» փաստավավերագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած ու Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված մի խումբ հայ երեխաների բուժման հուզիչ պատմությունն է։
Գիրքը գերմաներենով հրապարակվել է 1989-ին, երբ հեղինակը Գերմանիայից մեկնել է Մոսկվա՝ երկրաշարժը լուսաբանելու, և մտերմացել այնտեղ բուժվող հայ երեխաների հետ՝ դառնալով նրանց մորաքույր Լոիզը։
Ավելի քան 30 տարի անց գիրքը թարգմանվել է հայերեն։ Շնորհանդեսին Շիրակում ներկա են եղել գրքի հեղինակը, հայ երեխաները, որոնք հիմա հասուն մարդիկ են, և նրանց բուժող ռուսաստանցի բժիշկները։
Մորաքույր Լոիզի հետ հանդիպումը նույնքան ջերմ էր, որքան 30 տարի առաջ Մոսկվայում, երբ գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեն Գերմանիայից եկավ Մոսկվա՝ լուսաբանելու Գյումրիի երկրաշարժից տուժածների պատմությունները: Նա մտերմացավ Ռուսաստանում բուժվող հայ փոքրիկների հետ: Գրի առավ իր տպավորություններն ու վերածեց գրքի՝ «Իմ հայ երեխաները» վերնագրով, որում վավերագրել է բազմաթիվ հուզիչ պատմություններ:
Գիրքը հրատարակվեց երկրաշարժից մեկ տարի անց՝ 1989 թվականին Գերմանիայում, գերմաներենով։ Գրքի հերոսներից մեկը Գյումրիում ճանաչված բժիշկ Արմեն Խաչատրյանն է։
Արմեն Խաչատրյան (բժիշկ) - Գրքի հայերեն շնորհանդեսին մասնակցում էին ոչ միայն հեղինակն ու նրա ամուսինը, այլև Մոսկվայում այդ ժամանակ հայ երեխաներին բուժող երկու բժիշկ։ 33 տարի անց Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց»-ում բուժվող երեխաները, որոնք այսօր հասուն մարդիկ են, նորից հանդիպեցին իրար ու նաև իրենց կյանքում ճակատագրական դեր ունեցած, ջերմ, սրտացավ կնոջը, որն իր ձեռքով կերակրում էր իրենց, խաղալիքներ բերում։
Արկադի Մանուկյան (մանկավարժ) - Գրքի հերոսների համար ևս գիրքն անակնկալ էր, հայերեն տարբերակին ծանոթանալու հնարավորություն ստացան միայն շնորհանդեսից հետո, երբ հեղինակի մակագրությամբ ստացան այն:
Լոիզ ֆիշեր-Ռուգե (գերմանա-ամերիկյան գրող, լրագրող) - Հուզված եմ ու անչափ ուրախ, որ տարիներ անց՝ այսօր, այստեղ տեսնում եմ իմ բոլոր հայ երեխաներին առողջ ու մեծացած. երջանկություն է, անպատմելի երջանկություն։
Գրքի հայերեն տարբերակը լույս է տեսել DARAK հրատարակչությունում: Հայերեն թարգմանության նախաձեռնությունը թարգմանչուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Վանուհի Բաղմանյանինն է։