Բրիտանական ամենահայտնի զբոսաշրջային «Վանդերլասթ» ամսագրի վերջին համարում խմբագրությունը 6 էջով անդրադարձել է Հայաստանի տեսարժան վայրերին: Հոդվածի հեղինակն ամսագրի գլխավոր խմբագիր Ջորջ Կիպուրոսն է: Հայաստանյան եռօրյա այցից հետո հեղինակը «Առեղծվածային Հայաստան» վերնագրով մեր երկրի մշակութային հարստությունն է ներկայացրել իր 1,5 միլիոն առցանց այցելուներին։
Սիրանուշ Փիլոյան (Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի վարչության խորհրդական) - Եթե հաշվի առնենք, որ թիրախային շուկան ընթերցողների 97 տոկոսը ամրագրում է անում ընթերցելուց հետո, կարող ենք պատկերացնել՝ ինչ մեծ կարևորություն ունի մեզ համար:
«Վանդերլասթը» Բրիտանիայում առաջին հրատարակված ճամփորդական ամսագիրն է, 28 տարվա պատմություն ունի: Ամսագիրը թողարկվում է տարեկան 6 անգամ, 100.000 տպագիր օրինակով: Թիրախավորում է ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, ԱՄԷ-ի ու մի շարք այլ երկրների զբոսաշրջիկներին։ Հայաստանի մասին նման հոդվածները շատ կարևոր նշանակություն ունեն՝ ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Դրանք ամենաարդյունավետ միջոցներից են Հայաստանը համաշխարհային շուկային պատշաճ ներկայացնելու:
«Վանդերլասթի» խմբագիրը Հայաստան էր եկել Զբոսաշրջության կոմիտեի հրավերով: 3 օրում հասցրել է լինել Տաթևում, Հաղպատում ու Սանահինում, Գառնի-Գեղարդում, Խոր Վիրապում, Էջմիածնում, մի շարք թանգարաններում ու համտեսել հայկական խոհանոցը, արևային էներգիայով պատրաստած ձուկն ու Հայաստանից տպավորված է հեռացել:
Սիրանուշ Փիլոյան - Երբ որ Հաղպատում էինք, նշեց որ ամենա-ամենավանքն է, իրեն դժվար է զարմացնել, այստեղ նա զարմացավ:
Նման այցերը կոմիտեն տարին մի քանի անգամ է կազմակերպում: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ դրանք արդյունավետ գործիք են երկիրն ու զբոսաշրջային արդյունքը աշխարհին ներկայացնելու համար:
Մեխակ Ապրեսյան - Հրավիրում են՝ տեսնեն ու տպավորություններով կիսվեն: Երբ որ գալիս է, սպասելիքները գերազանցած մեծ տպավորություններով գնում, կիսվում է հանրության հետ, զգալի օգուտ է:
«Վանդերլասթ» ամսագրի կայքի այցելուների թիվն անգամ Քովիդի ամբողջ ընթացքում չնվազեց: Կոմիտեում վստահ են՝ հոդվածի շոշափելի արդյունքը տեսանելի կլինի արդեն առաջիկա տարիներին՝ զբոսաշրջիկների այցերի թվերն ամփոփելիս: