ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ ԳՄՀԸ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վերահաստատել է դրանց շրջանակներում ՏԿԵ նախարարության հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը։ Մադլեն Ռաուշենբերգերը մասնավորապես կարևորել է սեպտեմբերին Բեռլինում կայանալիք ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ՝ առկա ծրագրերի կատարման ընթացքի և հեռանկարների վերաբերյալ ՏԿԵ նախարարության հետ աշխատանքային քննարկումները։
Նախարար Սանոսյանը, ԳՄՀԸ հետ համատեղ ծրագրերին անդրադառնալով, ընդգծել է հատկապես 2020 թ․ մեկնարկած՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի կարևորությունը և դրական արդյունքները ՀՀ համայնքների համար։ ՏԿԵ նախարարն առաջիկայում համայնքների միավորման գործընթացի նոր փուլի համատեքստում կարևորել է գործընթացի վերաբերյալ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի իրականացրած հանրային իրազեկման աշխատանքները, մասնավորապես տեղեկատվական տեսաֆիլմերը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են պատկերացում կազմել արդեն միավորված համայնքների գործունեության մասին, ինչպես նաև առաջիկայում միավորման ենթակա համայնքների բնակիչները կարող են ստանալ գործընթացի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Գնել Սանոսյանը անդրադարձել է նաև ԳՄՀԸ իրականացրած՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և դրան նախորդած՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Հայաստանի 57 համայնքներում (որոնցից 49-ը՝ միավորված համայնքներում) բացված քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) դրական ազդեցություններին: Նախարարն ընդգծել է, որ ՔՍԳ-ները որակյալ և արդյունավետ համայնքային ծառայություններ մատուցելով՝ նաև միջավայր են փոխում համայնքներում, և կարևորել է ծրագրի շարունակականությունն ու նոր միավորվող համայնքներում ևս ՔՍԳ-ների բացումը։ Հանդիպման ընթացքում ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պատասխանատու ներկայացուցիչները ՏԿԵ նախարարին ներկայացրել են գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին վերաբերող մանրամասներ։
Մասնավորապես, Հայաստանում «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին անդրադարձել է ծրագրի շրջանակներում 52 միավորված համայնքներում համայնքային պլանավորման և տնտեսական զարգացման կարիքներին, ինչպես նաև համայնքային ֆինանսների կառավարմանն ուղղված մասնագիտական ու մեթոդաբանական աջակցության, համայնքների կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման և պարբերական արդիականացման ուղղությամբ արձանագրված հիմնական ձեռքբերումներին։ Պիեռ Բոնիֆասին կարևորել է նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների միավորման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով պատրաստված՝ «Կյանքը միավորված համայնքներում» ֆիլմերի շարքը, որոնք լուսաբանում են համայնքների միավորման գործընթացի դրական արդյունքները՝ նշելով, որ իրազեկման աշխատանքները շարունակական են լինելու։
Գրասենյակի ծրագրերի պատասխանատուները ներկայացրել են նաև ԳՄՀԸ կողմից իրականացվող՝ «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի շրջանակում մինչև այժմ իրականացված և նախանշված միջոցառումները։
Մասնավորապես անդրադարձ է եղել ECOserve-ի շրջանակներում Հայաստանի խոտհարքների ու արոտավայրերի կայուն կառավարման նպատակով իրականացված քարտեզագրման աշխատանքների և օրենսդրական բարելավումների արդյունքներին, ինչպես նաև գյուղական բնակավայրերում էներգաարդյունավետության ու այլընտրանքային էներգիայի վերաբերյալ իրազեկման և բնապահպանական կրթության ուղղությամբ կատարված աշխատանքներին։
Ներկայացվել են նաև ՀՀ ՏԿԵ և ՇՄ նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվող՝ «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի, ինչպես նաև՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները։
Նախարար Գնել Սանոսյանը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով՝ առանձին անդրադառնալով «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներին, ինչպես նաև ընդգծելով ՏԿԵՆ ջրային կոմիտեի հետ իրականացվող EU4Sevan ծրագրի շնորհիվ արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներին ու դեռևս հրատապ խնդիրներին։ Գնել Սանոսյանը վստահեցրել է, որ ՏԿԵ նախարարությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ծրագրերին՝ առավել ևս հաշվի առնելով համագործակցության բազմաթիվ հաջողված օրինակները։