Առաջիկա 5 տարիներին կառավարությունը պետք է կատարի ոչ միայն իր ծրագրում շարադրված կետերը, այլև այն բանավոր խոստումները, որ քարոզարշավի ընթացքում տվել է քաղաքացիներին՝ գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Երեկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո հիմա հերթը միջոցառումների ծրագիրը հաստատելունն է: Այն կազմելու, ամբողջացնելու համար, Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է խումբ ձևավորել, նորից դիտել նախընտրական քարոզարշավի 12 օրերի տեսագրությունները, առանձնացնել ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանք էլ ներառել միջոցառումների ծրագրում:
Փաշինյանը նկատեց՝ այս քարոզարշավի օրերին անցել են նույն կանգառներով, որոնցում 2018-ին էին եղել: Նրա գնահատմամբ՝ այցերը ցույց են տվել, որ 3 տարի առաջ տված տեղային խոստումները կատարվել են, իսկ խոսքը, հիմնականում, ոչ լայնամասշտաբ նախագծերի մասին էր:
Վարչապետը կառավարական կաբինետի ուշադրությունը հրավիրեց նաև ծրագրերի որակի վրա, ընդգծեց՝ դրանք պետք է լինեն չափելի, արագ իրականացվող ու արդյունավետ ֆինանսավորվող: Ու մինչև օրակարգին անցնելը, Փաշինյանն առողջապահության նախարարից հետարքրքվեց համաճարկային իրավիճակով: Դրական դեպքերն այսօր եղել են 522, մահվան դեպքերը՝ 11: Ոլորտի պատասխանատուն ահազանգում է՝ 1500 մահճակալներից այս պահին զբաղված է 1143-ը, ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 700 պացիենտ՝ նաև երիտասարդ տարիքի: Ու թեև բուժկենտրոններում մահճակալների թիվը, ըստ Ավանեսյանի, կարող է ավելացվել ևս 1200-ով, հիվանդությունից պաշտպանվելու լավագույն միջոցը մնում է պատվաստումն ու դիմակների կրումը՝ շեշտեց նախարարը:
Այսօր հիմնականում շրջանառվում է Դելտա շտամը, որի և՛ վարակելիությունն է ավելի բարձր, և՛ հիվանդության ընթացքն է ավելի ծանր անցնում՝ նշեց նախարարը: Վարչապետն էլ նկատեց՝ հսկողութունը պետք է խստացվի, քանի որ նախորդ երկու օրերին դրական դեպքերի թիվն արդեն հատել էր 600 սահմանը:
Անցնելով օրակարգին՝ կառավարությունը բյուջեում վերաբաշխում արեց ու 7.6 միլիարդ դրամ հատկացրեց ճանապարհային 6 հատվածի հիմնանորոգման համար: Ճանապարհաշինության թեման շարունակելով՝ գործադիրի ղեկավարը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ապահովվում է 2019-ից սահմանված նշաձողն ու տարեկան բյուջեի հաշվին հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը հասնում է 500 կմ-ի:
Գործադիրն այսօր հաստատեց ու Արցախին լրացուցիչ հատկացրեց 13.4 միլիարդ դրամ: Գումարը տրամադրվում է, որ սեպտեմբերին վճարվեն աշխատավարձերը, նպաստները, թոշակները, մի մասն էլ ուղղվի բնակիչների գազի, հոսանքի վարձավճարներին, նաև ծախսվի բնակարանաշինության համար: Վարչապետն էլ ամփոփեց՝ 2020-ի նոյեմբերից հետո մինչև հիմա մոտ 100 միլիարդ դրամի հատկացում է արվել Արցախի կառավարությանը: Օրակարգային հաջորդ հարցով էլ 25.7 միլիոն դրամ հատկացրեց առաջին անգամ կազմակեպվող Վարչապետի գավաթ սիրողական հեծանվավազքի մրցաշարին: Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 19-ին՝ Շորժայից դեպի Սևան երթուղով, որի ճանապարհը նոր է նորոգվել՝ նշեց վարչապետը:
18-ից բարձր տարիքի ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել մրցաշարին, որի նպատակն առողջ ապրելակերպի զարգացումն է՝ ասաց Փաշինյանը: Ոլորոտային նախարարի խոսքով էլ՝ նախատեսվում է ունենալ 80 մրցանակակիր
1-20-րդ տեղերի համար: Բացի հեծանվավազքից, ևս երեք սիրողական մրցաշար էլ նախատեսվում է կազմակերպել մյուս սեզոններին. ձմռանը՝ սեղանի թենիս, գարնանը՝ վազք, ամռանն էլ՝ լող: Բացի այս մրցաշարերից, այսօր չզեկուցվող հարցերից մեկով կառավարությունը 4՝ ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի և մարմնամարզության ֆեդերացիաներին հատկացրեց 207 միլիոն դրամ: Տարվա երկրորդ կեսին նախատեսվում են սպորտային միջոցառումներ, որոնց մեր մարզիկները պետք է մասնակցեն: