Հիմնական խնդիրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վերականգնումը, զարգացումն ու ծառացած խնդիրները լուծելն է, երկրորդը՝ ընդառաջել բարձր տեխնոլոգիաներին և հատկապես մասնագիտական, կրթական առումով ծրագրերի իրականացումը ԿԳՄՍՆ-ի հետ: Իսկ ամենակարևոր խնդիրը, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առջև դրված է, այսօրվա թվայնացման, կիբեռանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ մենք հիմնականում կատարում ենք մեթոդաբանական աշխատանքներ, ստանդարտների իրականացում, և կառավարության ծրագրով խնդիրների մեծ մասը դրան է ուղղված լինելու: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմարդյունաբերության հետ կապված: Այդ պետական ձեռնարկությունների ենթակայությունը մեր նախարարությանն է, և մենք էդտեղ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ պետք է զարկ տանք տեղական արտադրությանը, հատկապես ռազմական բնագավառում, և այն արտադրանքը, որ մենք կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշներով փոխարինել դրսից ներկրվողներին, մենք դա պարտավոր ենք անել»,- ասաց ԲՏԱ նախարարը:
Հարցին ի պատասխան՝ նախատեսվո՞ւմ է արդյոք համագործակցություն մասնավոր ընկերությունների հետ, օրինակ՝ ԱԹՍ-ների արտադրության հետ կապված, նախարարը հավաստիացրեց՝ կա բավական սերտ համագործակցություն:
«Ես արդեն եղել եմ մի քանի արտադրողների մոտ, կարող եմ ասել՝ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են բոլոր այն արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ներով են զբաղված, և մենք իրենց հետ շատ սերտ ենք համագործակցում, և դա պայմանավորված է վարչապետի հանձնարարությամբ»,- հայտնեց Խաչատուրյանը՝ նշելով, որ այդ 8 ընկերություններն իրենց միջոցներով են նախաձեռնել ամբողջ նախապատրաստական փուլը:
«Համագործակցությունն այսպիսին է. իրենք ունեն գաղափար, այդ գաղափարն իրականացնում են, հետագա զարգացումը կապված է պետության հետ՝ հանձին մեզ և պաշտպանության նախարարության: Փորձարկումների ընթացքում, եթե պարզվում է՝ իրենք համապատասխանում են մեր պահանջներին, արտադրանքի մատակարարման պայմանագիր է կնքվում»,- տեղեկացրեց Խաչատուրյանը: